00:00:00

Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան

20:57, 26 նոյեմբեր 2024 Բլոգ

 Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է։

Գիտելիքահեն տնտեսության ձևավորման, տնտեսության կառուցվածքային արմատական բարեփոխումների, արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի ապահովման ծրագրային խոստումների կատարման փոխարեն՝ մեր երկրում երկրաչափական պրոգրեսիայով աճում է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման ոլորտը։

Հետևանքները չեն ուշանում։ Ավելին, տարածվում ու արհավիրք են բերում հանրության գրեթե բոլոր շերտերի համար՝ հանրային ծառայողներից մինչև սովորական գյուղացի, երիտասարդներից մինչև տարեց, ունևորից մինչև անապահով։

Կարելի է ասել՝ խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը։

Մի կողմից՝ կործանվում են մարդկանց ճակատագրերը, իսկ մյուս կողմից՝ հնարավոր բոլոր օգուտները քաղում և վայելում է օրվա իշխանական խմբակը։ Պարզ օրինակ՝ թռիչքաձև աճող գերշահույթներին սեփական շրջանակի օլիգարխներով մասնակցություն՝ մեծ փայերի տեսքով, այդ գերշահույթներից իրենց նեղ քաղաքական նենգ շահերի սպասարկում։

Գաղտնիք չէ, որ հանրությանը հարստահարելու և կեղեքելու հաշվին և անսահման թույլտվության դիմաց՝ շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն անսահման օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու և հանրությանը տեղեկատվական տեռորի ենթարկելու համար։

Բերեմ վերաբերելի որոշ փաստեր և թվեր։

Բազմիցս եմ արձանագրել, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ արտաքին պատահական գործոնները և դրանց խթանիչ ազդեցությունը թուլանում է, իսկ այս ֆոնին մեր երկրի տնտեսական կառուցվածքի բացասական միտումները խորանում են։

Իհարկե, միակ «անդրդվելին», ահագնացող աճի առումով, խաղամոլությունն է։

Գյուղատնտեսության ոլորտն այս իշխանության օրոք գտնվում է ազատ անկման մեջ։ Տևական անկումից հետո այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զրոյականին մոտ աճ։ Զրոյականին մոտ աճի արձանագրումը սովորական է նաև արդյունաբերության ոլորտում՝ բացառությամբ նախորդ մի քանի ամիսների,ինչը պայմանավորված էր ռուսական ոսկին աննախադեպ մեծ ծավալներով Արաբական Մացյալ Էմիրություններ վերարտահանելու հետ։

Տեղեկատվության և կապի ոլորտում ունենք էական անկում՝ 8,5 տոկոսի չափով։ Առավել մտահոգիչ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի խորացող ճգնաժամը, որն արդեն արտահայտվում է շուրջ 13 տոկոսանոց անկումով։

Մեկ երկրից տնտեսական կախվածությունն աճում է թռիչքաձև՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը դարձել է 41 տոկոս՝ աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ ընդամենը 7,2 տոկոս՝ նվազելով 17 տոկոսով։

Կապիտալն էլ փախչում մեր երկրից․ միայն այս տարվա 9 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսքը կամում է 55 միլիոն ԱՄՆ դոլար։

Պետական պարտքը դոլարային արտահայտությամբ այս իշխանության ձեռամբ կրկնապատկվել է՝ ընդամենը 6 տարում։ Պարտքի մեծությունը մոտենում է 13 միլիարդ ԱՄՆ դոլարին, իսկ դրա տարեկան սպասարկումը անցնում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը։

 Հիմա ներկայացնեմ խաղամոլության թռիչքաձև աճող՝ «արյունոտ» վիճակագրության որոշ փաստեր։

Միայն 2024 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ դառնալով 201 միլիարդ 582 միլիոն դրամ կամ շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար։

2023 թվականին միայն խաղատների գործունեությունը  նախորդ տարվա համեմատ աճել է նախադեպը չունեցող չափով՝ 2,7 անգամ։

Ի դեպ, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի բոնուսը ստացել է իշխանափոխության տարում։ Այս ոլորտի ծավալը 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է շուրջ 46 տոկոսով՝ շրջանառությունը հասցնելով 306 միլիարդ դրամի։

Իհարկե, կարելի է կռահել, թե այդ մեծ բոնուսն ու պատմականորեն բարձր գերշահույթները ինչ «ծառայությունների» դիմաց են ստացել ոլորտի կարկառուն որոշ ներկայացուցիչները։

Շարունակելի ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր