Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Նիդերլանդներ կարևոր էր առաջին հերթին քաղաքական առումով՝ ցույց տալու երկու երկրներին, որ Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդների Թագավորությունը շփումներ և կապեր ունեն ամենաբարձր՝ վարչապետերի մակարդակով: Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը:
Ըստ դեսպանի՝ այցի ընթացքում նաև ընդգծվել է, որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները ամրապնդելու նրա ջանքերում:
«Անշուշտ, մենք նաև արձանագրել ենք Հայաստանի բարդ վիճակը վերջին տարիների ընթացքում, և այդ համատեքստում վարչապետ Ռյուտեն կարևոր ուղերձ հղեց հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առնչությամբ՝ շեշտելով, որ Նիդերլանդները Հայաստանի կողքին է և անում է ամեն ինչ նրանց վերադարձնելու համար», - հավելել է դեսպան Նիկո Սխերմերսը: