00:00:00

Եվրախորհրդարանը կարևորում է հայ գերիների վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ. Դ. Մքալիսթեր

16:38, 22 հուլիս 2022 Արտաքին քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը  և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը: Կառավարության ղեկավարն ընդգծել է Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությունը և նշել, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ընտրական բարեփոխումների և այլ ուղղություներով ԱԼԳ շրջանակում զբաղեցնում է առաջատար դիրքեր:

Դեյվիդ Մքալիսթերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել հայ խորհրդարանականների հետ արդյունավետ ու սերտ համագործակցության փաստը: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ հավելելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ կառավարությանը այդ ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ և պատասխանել ԵԽ պատվիրակության հարցերին: 

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովումը, այդ ուղղությամբ երկխոսության շարունակականությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, ինչի կապակցությամբ Դեյվիդ Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը այդ ուղղությամբ: 

Քննարկվել են նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Դեյվիդ Մքալիսթերը շեշտել են ԼՂ հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքի ապահովման անհրաժեշտությունն ու այդ նպատակով հետևողական աշխատանքի իրականացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր