Մամուլում վերջին շրջանում սկսեցին լուրեր տարածվել, թե 2022 թ. հունիսի 2-ին Մոսկվայում կատարված՝ Հովհաննես Ղամարյանի սպանությունը կապված է Ռաֆիկ Մադոյանի հետ, և դա Մոսկվա կինոթատրոնի մոտ եղած դեպքի «վրեժն» է։ Հիշեցենք՝ 2021 թ․ Մոսկվա կինոթատրոնի մոտ սպանվել էր Ռաֆիկ Մադոյանի թիկապահը։ Ղամարյանի սպանությունից կարճ ժամանակ անց տելեգրամյան «Բազա» ալիքը հրապարակեց սպանության կադրերը, որոնք ստացել էր տեսանկարահանող սարքերի միջոցով։ Այդ տեսանյութում երևում էր, որ զինված տղամարդը կրակում է Ղամարյանի մեջքին և գլխին: Սպանության օրը՝ երեկոյան հայտնաբերվել էր սպանության մեջ կասկածվողը։ Ռուսական մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ հայազգի գործարար Հովհաննես Ղամարյանի սպանության մեջ մեղադրվող անձը խոստովանել է իր մեղքը, նրան ճանաչել են նաև վկաները: Ռուսական «Գազետա»-ի հետ հարցազրույցում Հայրիկ Երվանդյանի փաստաբան Մուշեղ Հայրապետյանը մասնրամասնել էր՝ իր պաշտպանյալը պատվիրված սպանություն չի գործել։ Սպանությունը եղել է անձնական դրդապատճառներով։ Այդուամենայնիվ, որոշ հայկական լրատվամիջոցներ շարունակեցին Ղամարյանի սպանությունը կապել Ռաֆիկ Մադոյանի անվան հետ՝ Մադոյանին շարունակելով կոչել «քրեական հեղինակություն»։ Վերոնշյալ թեմայի հետ կապված՝ MegaNews-ը նախորդիվ արդեն ներկայացրել է Ռաֆիկ Մադոյանի բացառիկ հարցազրույցը։ Քանի որ Մադոյանի հետ կապված՝ հրապարակումները շարունակվում են, ուստի MegaNews.am-ը փորձել է պարզել՝ Մադոյանի հարազատ ծննդավայր Գավառում կամ, առհասարակ, Գեղարքունիքի մարզից դուրս Ռաֆիկ Մադոյանին ճանաչող մարդիկ ի՞նչ դրվագներ կարող են պատմել Մադոյանի և նրա դավանած արժեքների մասին։ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, խոսելով Ռաֆիկ Մադոյանի մասին՝ ասում է՝ առաջին հերթին պետք է շեշտել՝ նա Հայ Առաքելական եկեղեցու հավատարիմ զավակ է։ «Որքան իրեն ճանաչել ենք, իր օջախ այցելել ենք, միշտ ավանդապահ է եղել։ Տեղյակ եմ, որ պահքի շրջանում միշտ պահք է պահում, Սուրբ Հարության տոնին, պատարագներին մասնակցում է նախանձախնդիր կերպով և միշտ Հացառատի եկեղեցուն ուշադրություն է դարձնում, հոգ է տանում, որ այդտեղ եկեղեցական արարողությունները միշտ տեղի ունենան․ քահանաների ու առաջնորդի հետ մշտապես կապի մեջ է։ Ռաֆիկ Մադոյանի մասին միայն բարի վկայություններ եմ լսել։ Լսել եմ, որ պատմել են՝ իրեն դիմող անձանց միշտ օգնության ձեռք է մեկնել։ Կարծում եմ՝ քրիստոնեական արժեքներին հավատարիմ մարդը այդպիսին էլ պիտի լինի, մարդկանց պիտի օգնի։ Բացասական որևէ բան չեմ լսել իր մասին», — նշում է Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Հանրապետության գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը Ռաֆիկ Մադոյանի ընկերներից է։ Համլետ Հայրապետյանն ընդգծում է՝ Ռաֆիկ Մադոյանն անգամ անծանոթ մարդկանց օգնելու պատրաստակամություն ունեցող մարդ է։ Հայրապետյանը բազմիցս ականատես է եղել, որ Ռաֆիկ Մադոյանը, մարդուն առանձնապես ծանոթ չլինելով, աջակցել է։ «Ընկերներին տեսնելիս միշտ հետաքրքրվում է նրանց խնդիրներով, հարցնում է՝ ինչով կարող է օգնել։ Էությամբ շատ բարի է ու փափուկ, դրական էմոցիաներ տվող մարդ է։ Նրան առաջին անգամ տեսնելիս անմիջապես այդ հատկանիշներն են աչքի զարնում», — պատմում է բժիշկը։ Նա նշում է՝ Ռաֆիկ Մադոյանը բացառիկ ծնողասեր է։ Առիթ է եղել, որ բժիշկ Հայրապետյանը Մադոյանի ծնողի առողջության հետ կապված՝ մասնագիտական օգնություն է ցուցաբերել, և ես տեսել է՝ Մադոյանն ինչ հոգատարությամբ է նա վերաբերվում իր ծնողին, ընտանիքի անդամներին․ ընտանիքը նրա ամենանուրբ տեղն է։ «Բարի, պատասխանատու որդի, ծնող և ընտանիքի ղեկավար է։ Ռաֆիկ Մադոյանը շատ հայրենասեր է։ Մի շատ կարևոր բան նշեմ․ ես, լինելով նրա մտերիմը, չեմ իմացել նրա արածների մասին, հայրենիքին մատուցած նրա ծառայությունների մասին․ դա տղամարդու կարևոր հատկանիշ է։ Նա չի սիրում իր արածը ցուցադրել, անգամ ընկերներին չի պատմում այդ մասին։ Ես այդ ամենի մասին ուրիշներից եմ լսել ու մեծ ակնածանով եմ վերաբերվել նրա՝ այդ հատկանիշին և, ընդհանրապես, իր կերպարին», — նշում է բժիշկ Համլետ Հայրապետյանը՝ ընդգծելով՝ թեև Ռաֆիկ Մադոյանը հաճախ արտերկրում է լինում, այդուամենայնիվ, այդ ընթացքում ևս հնարավորության դեպքում օգտակար լինում իր հայրենիքին ու հայրենակիցներին։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Լալիկ Խաչատրյանը, որը դեռ մանկուց ճանաչում է Ռաֆիկ Մադոյանին՝ նշում է՝ Մադոյանն իրավիճակը ճիշտ գնահարող, կողմնորոշվող, բարդ հարցերին ճիշտ լուծում տվող առաքինի մարդ է։ «Ռաֆիկ Մադոյանի հայրն ինձ կենսաբանություն էր դասավանդում, մանուկ ժամանակ երբեմն գնում էի ուսուցչիս տուն։ Դեռ մանուկ հասակից Ռաֆիկ Մադոյանը լրջախոհ ու համեստ էր, իր արած լավ արարքները փակ պահելու բնավորություն ուներ․ հիմա էլ այդպիսին է։ Իր արած բարեգործությունների մասին ուրիշներից եմ լսում։ Երբեք իրեն թույլ չի տա պատմել, թե ում ինչ հարցով է օգնել, աջակցել։ Ըկերների շրջանակ ունենք, Ռաֆիկ Մադոյանը տարիքով մեզանից բավականին փոքր է, բայց բազմիցս տարբեր հարցերով դիմել ենք նրան, խորհուրդ հարցրել, և նա այնքան շրջահայաց ու խոհեմ է, որ նա մեզ ճիշտ խորհուրդներ է տվել», - պատմում է Լալիկ Խաչատրյանը։ Նա շեշտում է՝ Ռաֆիկ Մադոյանը տարբեր երկրներում է եղել․ նաև արտերկրում կապեր ունի, մեծ հարգանք է վայելում։ Լալիկ Խաչատրյանը հաճախ է լինում Գավառում՝ Մադոյանների հյուրընկալ ու ավանդապահ ընտանիքում։ «Մադոյանը բացառիկ մարդ ու ընկեր լինելու հետ մակտեղ՝ հիանալի զավակ է, հոգատար ու պատասխանատու հայր։ Ռաֆիկ Մադոյանի համար բարձրագույն արժեք է հայրենիքը։ Ամեն անգամ ընկերներով հավաքվելիս խոսում ենք հայրենիքի մասին։ Արտասահմանցի ընկերների հետ զրուցելիս ևս երևում է՝ ինչպես է ցավում է ցայրենիքի ցավով, իսկ իր ազգության մասին խոսելիս՝ ինչպես է հպարտանում։ Ես տեսել եմ, թե պատերազմի օրերին ինչ մեծ ցավ էր ապրում հայրենիքի համար, զոհված տղաների համար», — նշում է Լալիկ Խաչատրյանը՝ հավելելով՝ այդ ծանր օրերին Մադոյանը իր ուժերի ներածին չափով աջակցում էր, դեպի Արցախ օգնություն ուղարկում։ Լալիկ Խաչատրյանն ասում է՝ ոմանց դուրս չի եկել, թե Մադոյանը որքան մեծ սեր ու հարգանք է վայելում, ուստի նրա դեմ մի քանի անգամ մահափորձ են կատարել։ Լալիկ Խաչատրյանն ասում է՝ հիմա էլ շարունակում են իրականությանը չհամապատասխանող պատմություններ հյուսել Մադոյանի մասին։ Խաչատրյանը, իրավիճակին բանասերի աչքով նայելով, կես կատակ-կես լուրս ասում է՝ մեր ազգը բանահյուսության հետ սեր ունի թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։ Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս Էդիկ Գևորգյանը Ռաֆիկ Մադոյանին ճանաչում է ավելի քան 4 տասնամյակ։ Էդիկ Գևորգյանն ասում է՝ իրեն բախտ և պատիվ է վիճակվել մոտիկից ճանաչել Ռաֆիկ Մադոյանին ու նրա ընտանիքին։ «Ես պատիվ եմ ունեցել լինելու Մադոյանի ծնողների աշակերտը։ Մադոյանի ծնողները համայնքում եղել են ամենասիրված մանկավարժները։ Ռաֆիկ Մադոյանի հայրը դպրոցի տնօրեն էր․ միշտ մեծագույն հարգանք է վայելել։ Այդ հարգված ընտանիքում դաստիարակված Ռաֆիկ Մադոյանի մասին խոսելով՝ պիտի ասեմ՝ նա խիստ սկբունքային, ազնիվ, ինտելեկտուալ, հայրենասեր ու պարտաճանաչ մարդ է։ Կամային կայուն հատկանիշների տեր է։ Եթե մեկին մի բան խոստանա, ամեն ինչ կանի, անգամ իրեն զոհաբերելով՝ իր խոստացածը կանի», — պատմում է Էդիկ Գևորգյանը։ Նա ընդգծում է՝ Ռաֆիկ Մադոյանի համար կարևոր տեղ է զբաղեցնում կրթությունը, ուստի նա միշտ առանձնակի ուշադրություն է դարձրել նաև իր զավակների կրթությանը։ «Նա մեծ հեղինակություն ունի նաև Հայաստանի սահմաններից դուրս, տարբեր կապեր ունի՝ պետական չինովնիկներից սկսած, վերջացրած շարքային քաղաքացիով․ նա բոլորի համար մտահոգվող, հոգատար ընկեր է։ Նաև շատ հայրենասեր է։ Հայրենիքը նրա համար բացարձակ արժեք է։ Միշտ սատար է եղել հայրենիքին ու իր հայրենակիցներին, թեև ինքը երբեք չի խոսել այդ մասին», — ասում է Էդիկ Գևորգյանը։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի օրերին Ռաֆիկ Մադոյանի՝ հայրենիքին ու հայրենակիցներին ցուցաբերված աջակցությանը՝ ՀՀ տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն ընդգծում է՝ Ռաֆիկ Մադոյանն իր իսկ նախաձեռնությամբ պատերազմի օրերին ֆինանսապես, նյութապես իր աջակցությունն է ցուցաբերել։ «Սնունդ, հագուստ, անհրաժեշտ այլ պարագաներ․․․ մի խոսքով՝ այն ինչի անհրաժեշտությունը կար սահմանում, այդ օրերին Ռաֆիկ Մադոյանն աջակցել է, որպեսզի ուղարկենք Արցախ։ Նաև պատերազմի ավարտից հետո դիրքերի կահավորման համար անհրաժեշտ պարագաներ էին ուղարկվում, այդ հարցում ևս Մադոյան աջակցել է, իր ներդրումն է ունեցել», - եզրափակեց Նարեկ Մկրտչյանը։ Հասարակության մեջ մեծ սեր ու հարգանք վայելող այս անձանց ներկայացրած դիպվածներն ու Ռաֆիկ Մադոյանին վերաբերող նկարագրությունները, թերևս, ապացուցում են՝ մամուլում ներկայացվող որոշ հրապարակումներ իրականության հետ առնչություն չունեն․ Ռաֆիկ Մադոյանն ամենևին առնչություն չունի քրեական աշխարհի հետ և նրան «քրեական հեղինակություն» անվանելը անհիմն է։ Ռաֆիկ Մադոյանն ապրում ու արարքում է իր հայրենիքում, միշտ սատարել է ու շարունակելու է սատարել հայրենիքին ու հայրենիքի պաշտպաններին։
MegaNews.am