00:00:00

Հենց հասարակությունն ըմբոստանա ու ոտքի կանգնի՝ Հայրենիքի հանձնման շղթան կկոտրվի․ Արցախի ԱԺ պատգամավոր

20:00, 28 հունիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Բերձորով անցնող ճանապարհը, որն Արցախը կապում է մայր Հայաստանի հետ, իրոք, կյանքի ճանապարհ է և պետք է շարունակի ապահովել Հայաստանի ու Արցախի միջև անվտանգ կապը։ Իշխանությունը պետք է համախմբի բոլոր կարող ուժերին և իրավիճակից ելքեր փորձի գտնել, ճիշտ հաշվարկված քայլերով՝ դուրս գա ստեղծված վիճակից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Արցախի Աժ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքի հանձնման անթույլատրելիությանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի շահագործման հանձնվելու դեպքում Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Ընդդիմության ձայնն այսօր լսելի չէ․ նրան մեղադրում են իշխանության համար կռիվ տալու մեջ, մինչդեռ այդ թեզը շրջանառության մեջ դրած իշխանությունն է հանուն աթոռի պառակտում ազգը։ Պառակտումն անթույլատրելի է։ Հիմա հասարակությունը պետք է ըմբոստանա։ Մինչև ժողովուրդը ոտքի չկանգնի, մաս-մաս հանձնվելու է հայրենիքը։ Ժողովրդի մեջ տրամադրություն են ստեղծում, թե իրենք ի զորու չեն բան փոխելու, բայց, կրկնում եմ, մինչև ժողովուրդը չհասկանա, որ իրենք են տերը հայրենիքի, իշխանությունն իրագործելու է այն ծրագիրը, ինչի համար բերվել է իշխանության»,-ասաց պատգամավորը։

Գալստյանի արձանագրմամբ՝ բավարար չափով պահանջատիրություն չկա հասարակության մոտ, ինչն էլ նպաստում է, որ այս զիջողական ու կործանարար քաղաքականությունը շարունակվի։

Հասարակության ընդվզումը կանխելու, նրան հեշտ կառավարելի դարձնելու ուղղությամբ, պատգամավորի համոզմամբ, իշխանությունները, որպես կանոն, նախապես աշխատում են՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով համախոհների համար և պիտակավորելով այդ ճամբարից դուրս գտնվողներին։ Այդ երկու գործընթացները, ըստ Գալստյանի, հիմա միաժամանակ շարունակում են ընթանալ մեր երկրում, ինչն էլ թույլ չի տալիս, որ հայ հասարակությունը միավորվի։

ՀՀ իշխանությունների անթույլատրելի քայլերն ու հայտարարություններն Արցախի իշխանությունների կողմից անարձագանք թողնելը, Գալստյանի համոզմամբ, անհասկանալի է։

«Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահի՝ Արցախի վերաբերյալ արտահայտած մտքերը, որոնք չեն արտացոլում հայ ազգի տեսակետը, այն, որ ասում են «Արցախի իշխանությունները տեղյակ են», «Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված է» և այլն , Արցախի իշխանությունները պետք է պաշտոնապես հերքեն, այլապես դառնում են հանցակից»,-ասում է պատգամավորը։

Մանիպուլյացիոն մյուս հնարքը, որ կիրառում են այսօր ՀՀ իշխանությունները, Գալստյանի խոսքով, հասարակության տրամադրությունները շոշափելու համար սպասվելիք զիջումներից որոշ ժամանակ առաջ լուրն ասպարեզ նետելն է։ Նույն սցենարով Բերձորի ու Աղավնոյի հանձնումն են նախապատրաստում։

Գալստյանը շեշտում է՝ կարող է և հուլիսի 1-ին Բերձորում չտեղադրվի ադրբեջանական դրոշ, բայց դա չի նշանակում, թե դրանով վտանգը վերանալու է․ այն, որ այդ հարցը մշտապես պետք է պահել հասարակության ուշադրության կենտրոնում, Գալստյանը շատ է կարևորում։

«Որ ասում են, եթե ամեն մեկս մեր տեղում լինենք, աշխատենք՝ լավ կլինի, այնքան էլ այդպես չէ։ Հիմա Աղավնոյի գյուղապետն ու բնակիչներն իրենց տեղում են, ապրում են իրենց հայրենիքում, բայց, ցավոք, դա բավարար չէ, որ Աղավնոյին սպառնացող վտանգը վերանա։ Հայրենիքի հանձնման շղթան կկոտրվի այն պահին, երբ հասարակությունն ըմբոստանա ու ոտքի կանգնի»,-համոզմունք հայտնեց արցախցի պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր