00:00:00

Արցախի պետնախարարն ու ՄԻՊ-ը համատեղ հանդիպում են կազմակերպել տեղահանվածների ու փախստականների ներկայացուցիչների հետ

11:50, 21 հունիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի նախագահությամբ փախստականների համաշխարհային օրվա առթիվ կազմակերպվել է կառավարության ներկայացուցիչների հանդիպում Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված եվ փախստական անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի հետ:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է կառավարության լրիվ պատրաստակամությունը համագործակցելու բոլոր մարմինների ու կազմակերպությունների հետ տեղահանված և փախստական անձանց հիմնախնդիրների լուծման նպատակով:

«Տեղյակ եք հետպատերազմյան ծրագրերի մասին, որոնց միջոցով հնարավոր է դարձել ապահովել որոշակի սոցիալական կայունություն տեղահանված անձանց համար: Այդ համատեքստում մեկնարկում ենք նոր ծրագիր բնակվարձի փոխհատուցման նպատակով, որը կնպաստի տեղահանվածների բնակարանային միջանկյալ կարիքի բավարարմանը, և նախագիծն արդեն դրված է հանրային քննարկման: Իհարկե, այդ ընթացքում շարունակում ենք շահառու խմբերին ապահովել առաջնային ու երկրորդային շուկայի բնակարաններով, և առաջիկա ամիսներին հարյուրավոր նոր տներ են շահագործման հանձնվելու:

Տեղեկացնեմ նաև, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ երկարաձգվում է պետական ֆինանսավորմամբ գործող բռնազավթված տարածքների հիմնարկների աշխատակիցների պարապուրդի վճարների տրամադրման ժամկետը մինչև 2022թ. տարեվերջ, իսկ այդ ընթացքում մեկնարկելու ենք զբաղվածության ապահովման լրացուցիչ ծրագրեր, որպեսզի կարողանանք խուսափել սոցիալական ցնցումներից: Բացի դրանից, ավարտին ենք հասցնում հարկադիր տեղահանված անձանց մասին օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո հնարավոր կլինի մեկնարկել իրավական կարգավիճակի տրամադրման գործընթացը: Այս և այլ ծրագրերը ԱՀ կառավարությունն իրականացնելու է ներառական սկզբունքով՝ նպատակ ունենալով բոլոր շահագրգիռ կողմերին ընդգրկել որոշումների կայացման գործընթացներում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարևորել է այդ ձևաչափով հանդիպումը գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղահանված ու փախստական անձանց հուզող հարցերը: Պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու առկա հիմնախնդիրների բարձրացմանն ու լուծմանը:

Պետական լիազոր մարմինների և տեղահանված ու փախստական անձանց կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում նրանց զբաղվածության, սոցիալական ու բնակարանային հիմնախնդիրների, ներպետական ու միջազգային իրավական և մի շարք այլ հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր