Հայաստանի տնտեսությունը տարվա սկզբին շատ առույգ էր, բանականաբար վերջին իրադարձությունները իրենց դրական, բայց և մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսության մեջ։ Մենք բնավ համաձայն չենք ԿԲ-ի նախորդ՝ 1․5 % տնտեսական աճի կանխատեսման հետ, հիմա նույնպես տարակարծիք ենք։ Մենք ԿԲ-ի աշխատանքի վրա որևէ ազդեցություն չունենք, բայց տեսնում ենք, որ կա լայն դժգոհություն տնտեսական տարբեր սեկտորներից նման քաղաքականության նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք սրա միջով մի անգամ անցել ենք 2004-2007 թվականներին, և դա ոչ մի լավ բանի չի բերել, մշակող արդյունաբերությունը, կարելի է ասել, ոչնչացել է այդ տարիներին: Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ չկրկնվի այդ սցենարը:
Քննարկումների մեջ ենք, փորձում ենք գտնել լուծումներ, համոզել գործընկերներին, որ պետք է գտնել գնաճը կանխելու այլ գործիքակազմ, ոչ թե արհեստականորեն արժևորել դրամը»,-ասաց նախարարը:
Խոսելով արտահանման խնդիրների մասին՝ Քեոբյանը ասաց. «Մենք փորձում ենք դիվերսիֆիկացնել մեր արտահանման շուկաները և նաև արտահանման ապրանքները: Այդ տեսանկյունից ռուսական ռուբլու հետ ավելի մեծ կպվածությունը դրան ոչնչով չի օգնում: Դա չի նշանակում, որ մենք ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից չենք, մենք այդտեղ տեսնում ենք մեծ հնարավորություններ: Բայց մենք նաեւ տեսնում ենք շատ մեծ հնարավորություններ դա անելու Չինաստանի, ԱՄՆ-ի, արաբական աշխարհի եւ բազմաթիվ այլ երկրների հետ»:
Նախարարը նշեց, որ մայիսին զբոսաշրջիկների քանակը եղել է 116 հազար, ինչը ըստ նախարարի քիչ է, քան 2019 թվականի ցուցանիշը։
«Բավական լավ տեմպերով զարգանում է ոլորտը: Ինչ վերաբերում է ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց մասին, որոնք նոր են տեղափոխվել, նրանք մի քանի տասնյակ հազար են: Նրանք արդեն էական փոփոխություններ են մտցրել մեր կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում մշակույթի, սպառման, ծառայությունների ոլորտներում»,- ասաց նա: