Չեմ բացառում, որ դրամի արժևորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել արտահանող որոշ ընկերությունների համար, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Այստեղ հարցն այն է, թե ոնց ենք լուծելու այդ խնդիրը։ Տարբերակներից մեկը արհեստականորեն դրամի փոխարժեքը արժեզրկելն էր, բայց այդ պարագայում մենք ստեղծելու ենք գնաճային ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ արտահանողներին։ Եթե իրավիճակը հանկարծ դարձավ անկառավարելի, այդ նույն արտահանող ընկերությունների մոտ առաջանալու են խնդիրներ», - հայտարարեց ԿԲ նախագահը։
Նա նշեց, թե այս պահի դրությամբ չափազանց կարևոր է, որ ԿԲ-ն կառավարության հետ համատեղ ունենա կոորդինացված քաղաքականություն, որի շրջանակներում կարողանան զբաղվել գնաճի խնդիրներով։
«Կառավարության կողմից էլ հասցեական մոտեցում լինի սեկտորային այն խնդիրներին, որոնք կարող են առաջանալ դրամի արժևորման արդյունքում», - ասաց Մարտին Գալստյանը։