Մայիսի դրությամբ Հայաստանում ինֆլյացիան 9 տոկոս է կազմել։ Եթե նորից արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա տարեվերջին, Կենտրոնական բանկի գնահատմամբ, ինֆլյացիան ավելի ցածր կլինի։ Այս մասին հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ սա շատ բարձր ցուցանիշ է Հայաստանի տնտեսության ընդհանուր պատմական զարգացման տեսանկյունից։ «Իհարկե, գործընկեր երկրներում կամ մեզ շրջապատող երկրներում ինֆլյացիան շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն մենք պետք է հասկանանքլ, որ 9 տոկոս ինֆլյացիան եւ սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը նշանակում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ մթերքների գների աճը ավելի բարձր մակարդակի վրա է հայտնվել»,- նշեց Գալստյանը։