00:00:00

Ստեփանակերտում Ռոբերտ Աբաջյանի գրքի շնորհանդեսին ներկա էր նաև Բագրատ սրբազանը

22:35, 11 հունիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Այսօր՝ հունիսի 11-ին, Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար նահատակված Ռոբերտ Աբաջյանին նվիրված «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքի շնորհանդեսը։ Այս մասին հայտնում է Արցախպրեսը։

Գրքի շնորհանդեսն առաջին անգամ կայացել է Երևանում, նոյեմբերի 16-ին՝ հերոսի ծննդյան օրը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ Լիլիթ Հարությունյանը պատմել է.

«Ազատության հրապարակում ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին 2019 թվականին կազմակերպված երեկոյից հետո ինձ մոտեցավ Ռոբերտի հայրը ու ասաց.«Ուզում եմ որդուս ծննդյան տարեդարձին գիրք նվիրել, զգացում ունեմ, որ դու կկարողանաս գրել»։ Նույն թվականի հոկտեմբերին ուղևորվեցի Արցախ՝ Մարտակերտ՝ Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրք։ Գիրքը հրատարակվեց 2021 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց։ Մարտակերտը կանգուն մնաց, բայց թշնամին գրավեց որոշ բնակավայրեր, դիրքեր։ Ռոբերտի՝ 116 լեգենդար դիրքը պահվեց, և զգացում ունեմ, որ իմ տունն է փրկվել»,-ասել է հեղինակը։

Նրա խոսքով՝ Ռոբերտի ու իր մարտական ընկերների պայքարը 2020 թվականի պատերազմից հետո առավել կարևորվեց։

«Գիրքը Ռոբերտ Աբաջյանի մասին է, բայց էլի անուններ կան։ Այս տղաները՝ իրենց արտաքին ու բնավորության տարբերություններով հանդերձ, այնքան նման են․ բոլորի գիտակցական ընտրությունը հայրենիքն է»,-ընդհանրացրել է զրուցակիցը։

Շնորհանդեսին ներկա էր Տավուշի թեմի առաջնորդ Սերոբ եպիսկոպոս Գալստյանը, ով գիրքը համարում է յուրաքանչյուրի արտացոլանքը։

«Ռոբերտը մարմնավորում է այն բոլոր հերոսների կերպարները, ովքեր իրենց կյանքն ընծայել են հայրենիքին ու մինչ օրս էլ պատրաստ են գնալ այդ քայլին»,-ասել է հոգևորականը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր