Եվրախորհրդարանը չի լռի Թուրքիայում հիմնարար ազատությունների վերջին խախտումների վերաբերյալ, անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական դեր է խաղում երկիրը, ասել է Թուրքիայի Եվրախորհրդարանի զեկուցող Նաչո Սանչես Ամորը։
Թուրքիան ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունի, բայց դրա մեղավորը թուրքական կառավարությունն է, ոչ թե թուրքական հասարակությունը, ասել է Ամորը Թուրքիայի վերաբերյալ զեկույցի լիագումար քննարկման ժամանակ։
«Թուրքիան Էրդողանը չէ, Էրդողանը Թուրքիա չէ»,- ասել է նա։
Եվրախորհրդարանը պետք է քվեարկի Թուրքիայի վերաբերյալ Ամորի վերջին զեկույցի շուրջ։
ԵՄ-ն մնում է առաջադեմ ժողովրդավարությունների ակումբ, եւ զեկույցը հիմնված է Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների ներկայիս աղետալի վիճակի վրա, ասել է Ամորը: «Ավելի լուրջ, խոսքը ոչ միայն նրա վատ վիճակի մասին է, այլ նաեւ վատթարանալու միտումի մասին»,- ասել է նա:
Ըստ Ամորի, թուրքերն ականատես են լինում, որ իրենց ժողովրդավարական հույսերը գլորվում են ավտորիտար պարույրի մեջ, որը կարծես վերջ չունի:
«Ավտորիտար բնույթը պետական քաղաքականությունն է, որը լիովին մտածված, ծրագրավորված եւ սարսափելի սառնությամբ իրականացվում է իշխող վերնախավի կողմից։ Գնալով անօգնական դարձող հասարակության դեմ իրականացվող եւ լրատվամիջոցների կողմից աջակցվող ճնշումը ապացուցում է ազգայնականության պաթոլոգիան, որը ազգի իրավունքները շատ ավելի վեր է դասում իր քաղաքացիների երջանկությունից»,- ասել է նա:
Ամորի խոսքով՝ մի քանի ամսից, ամենայն հավանականությամբ, երկրում երրորդ կուսակցությունը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը ստացել է մոտ 6 միլիոն ձայն եւ գրեթե 100 քաղաքապետի պաշտոն, կհամարվի անօրինական։
Այս ամենը նրա համար է, որ ընտրություններն ավելի քիչ խոչընդոտներով անցնեն, նշել է նա։