Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանն ընդունել է Կիպրոսում գտնվող արցախյան պատվիրակությանը։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և անդրադարձել տարածաշրջանային վերջին զարգացումներին, հատկապես մարտյան իրադարձություններով պայմանավորված մեր այժմյան իրավիճակին։
Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ 2022 թ․ մարտի 23-ին Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, իսկ ռուս- ուկրաինական հատուկ ռազմական գործողությունների պատճառով ձևավորվել է նոր աշխարհակարգ։
Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ Արցախը , Հայաստանը և Սփյուռքը պետք է օգտագործեն դիվանագիտական խողովակները, այլապես կհայտնվենք նոր աշխարհակարգի փլատակների տակ։
Ըստ Արթուր Թովմասյանի՝ 2022թ․ մարտի 8-ից հետո ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հետապնդում էր մի քանի նպատակ, այն է՝
· Փոխել ստատուս-քվոն, որը ստեղծվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո,
· վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը,
· ստուգել մեր զգոնությունը, և եթե այն իսպառ բացակայում է՝ հայաթափել Արցախը։
«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է։ Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։ Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունը անարժան ձևով փակելու իրավունք չունենք։ Տասնամյակներ շարունակ զրկանքների ու տառապանքների հիմնական կրողը Արցախի ժողովուրդն է և մեր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չենք տվել»,- իր խոսքում շեշտել է Արթուր Թովմասյանը։
ԱԺ նախագահը վստահ ընդգծել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի ոչ միայն Արցախի ոչնչացմանը, այլև հայոց պետականության և հայ ժողովրդի աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգության հիմքը կհանդիսանա։
Արթուր Թովմասյանը համոզված է, որ արցախահայությունը համբերությամբ սպասելու է միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչմանը։
Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանը ներկայացրել է Կիպրոսի հոգևոր կյանքի անցած ճանապարհը և թեմի գործունեությունը։
Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա առթիվ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի ձեռամբ մատուցվել է պատարագ, որի ընթացքում Գերաշնորհ Տերը իր հայրապետական օրհնությունն է փոխանցել նաև Արցախի ժողովրդին։