00:00:00

Մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք»․ Արցախցի պատգամավորը՝ Մարտունիում

16:52, 28 մայիս 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախը կրկին վտանգի առջև է կանգնած, բայց, ի տարբերություն 1988 թվականի, երբ ողջ հայությունը Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում միահամուռ ու միակամ Արցախ էր պահանջում, այս անգամ վտանգի տակ է նաև այդ միասնությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Արցախի Մարտունու շրջանում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ հայության միասնականությունը վտանգված է, որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք պարտավոր են Արցախի ճակատագիրը որոշելիս առաջնորդվել միայն ժողովրդի կամքով ու Արցախի  ինքնորոշման իրավունքի հրամայականով, շեղվել են այդ ճանապարհից։

«Մեր անունից բանակցողը ներգրավված է քննարկումների մեջ, որտեղ օգտագործվում է «Ղարաբաղի էթնիկ բնակչություն» արտահայտությունը։

Այդ բանակցողին, մեր թշնամուն և միջազգային հանրությանը պարզ ու հաստատակամորեն հայտարարում ենք՝ մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք», - շեշտեց Գեղամ Ստեփանյանը։

Նա Հայաստանի իշխանություններին կոչ արեց թշնամու հետ «խաղաղության» կեղծ թեզերով չվտանգել հայրենիքը։

«Ազգին համախմբելու փոխարեն, ՀՀ գործող իշխանություններն ազգին բաժանել են «սևերի» ու «սպիտակների», հայրենիքն ու ազգային շահը վեր դասելու փոխարեն, խոսում են թշնամու հետ կեղծ ու անարժանապատիվ խաղաղության մասին։

Կեղծ խաղաղության անվան տակ, իրավունքի և անվտանգության լղոզված թեզերով ոչ մեկին թույլ չենք տալու մեր հազարավոր զոհերի արյան գնով պահած հայրենիքը նորից բռնակցել Ադրբեջանին», - հայտարարեց Արցախի ԱԺ պատգամավորը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր