Ուշագրավ է Փաշինյանի՝ Արցախի մասին երբևէ արած իրարամերժ հայտարարությունների համադրումը։ Այս մասին 168TV-ի «ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանը։
«Նախ ասում էր, թե ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, քանի որ Արցախն ունի ընտրված, լեգիտիմ իշխանություն, իսկ դա ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքով դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությունը ճանաչելը։ Ապա հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է, և վերջ, ինչը նշանակում է՝ ընդունել, որ Արցախն ու Հայաստանը մեկ պետություն են, նրանք միավորված են։ Ի վերջո, Փաշինյանը պնդում էր, թե խնդրի կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, դա նշանակում է՝ ջնջել ինքնորոշումն ու միացումը։ Դա էլ բավական չէ, միջնորդներից պարզաբանումներ էր ակնկալում, թե ի՞նչ են հասկանում տարածքային ամբողջականության կամ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների ներքո։ Դրա համար ընդամենը պետք է կարդալ ՄԱԿ-ի կանոնադրությունը կամ այլ միջազգային փաստաթղթեր։ Դու ի՞նչ է, գնում ես սովորելո՞ւ, որ քեզ բացատրե՞ն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին։ Նման իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը տապալեց բանակցային գործընթացը։ Մենք պետք է խորքային կերպով ուսումնասիրենք արտաքին քաղաքականության վեկտորը։ Անկախացած Հայաստանի առջև կար երկու ուղղություն։ Առաջինը բացահայտ ռուսամետն էր, որի արտահայտությունը, օրինակ, Ռուսաստան-Բելառուս միութենական պայմանագրին միանալն էր։ Ժամանակին Հայաստանում կային դրա կողմնակիցներ, նույնիսկ ստորագրահավաք արեցին, բայց Հայաստանը չգնաց այդ ճանապարհով։ Մյուս ուղղությունն արևմտամետն էր, որի համար սկզբնական փուլում կար երկու նախադրյալ։ Առաջինն այն էր, որ Ռուսաստանն ինքը ձգտում էր դեպի Եվրոպա, անգամ չէր բացառում ՆԱՏՕ-ին անդամակցությունը, և ապա՝ Թուրքիան բացահայտ ձգտում էր դեպի եվրաինտեգրում, բարեփոխումներ էր անում, ուզում էր դառնալ ԵՄ անդամ։ Այն ժամանակ դա կարող էր հիմնավորված համարվել, բայց ոչ հիմա»,- ասաց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով` Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից։
«Մնում է երկրորդ հանգամանքը՝ ռուսական ռազմաբազան։ Վրաստանը նախ ազատվեց ռազմաբազայից, հետո գնաց պատերազմի։ Այս իշխանությունը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի խնդիրը, առջևում ռազմաբազայի հարցն է։ Միգուցե կան մարդիկ, որոնք համարում են, որ ռուսական ռազմաբազան պետք է հանվի, բայց Հայաստանի համար դա կործանարար է։ Աբխազիայում աբխազներ են բնակվում, Օսիայում՝ օսեր, իսկ Արցախը մեր պատմական հողն է, այնտեղ հայեր են ապրում, և մենք չենք կարող համեմատվել։ Ի վերջո՝ այս ամենի արդյունքը Հայաստանում Թուրքիայի հայտնվելն ու նրա գերիշխանությունն է»,- ամփոփեց Շավարշ Քոչարյանը: