Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակության և ԱՀ լիազոր մարմինների մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ունեցել ժողովրդագրության ռազմավարության մշակման շուրջ:
Պետական նախարարը հայտարարել է, որ նախատեսվում է Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել ժողովրդագրության ռազմավարության մշակման աշխատանքները:
«Առաջիկայում մենք վերջնականացնելու ենք ժողովրդագրության հարցերով զբաղվող պետական ձևաչափերի ու սկզբունքների հստակեցումը, որպեսզի ձեռնամուխ լինենք ժողովրդագրության ռազմավարության մշակմանն ու իրականացմանը:
ուգահեռ կստեղծենք աշխատանքային խմբեր՝ ընդգրկելու համար տարբեր մասնագետներ Արցախից, ՀՀ-ից ու Սփյուռքից, որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրներին և նպատակներին համապատասխան արդյունավետ ռազմավարություն մշակել և իրագործել առնվազն մի քանի տարվա կտրվածքով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
Պետական նախարարը կարևորել է ՀՀ կառավարության հետ ներդաշնակ աշխատանքը ժողովրդագրական երկարաժամկետ քաղաքականության իրականացման առումով՝ հաշվի առնելով միասնական մարտահրավերների ու ռազմավարական նպատակների առկայությունը:
Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և պատվիրակության այլ անդամներ ներկայացրել են ժողովրդագրության ռազմավարության մշակման սեփական փորձն ու մեթոդաբանությունը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԱՀ և ՀՀ լիազոր մարմինների ջանքերի համատեղման ու ներդաշնակեցման շուրջ: