ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ սոցիալական հարթակներում վերջին օրերին տարածված տեսագրություններին:
Այս մասին Գեղամ Ստեփանյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Անդրադառնալով երեխաների անմիջական մասնակցությամբ կազմակերպված միջոցառումների վերաբերյալ սոցիալական հարթակներում վերջին օրերին տարածված տեսագրություններին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ քաղաքական բնույթ կրող կամ քաղաքական ենթատեքստեր պարունակող միջոցառումներին երեխաների մասնակցությունը կարող է որոշվել բացառապես երեխաների կողմից, ինչը նշանակում է՝
- մասնակցության գիտակցված և կամավոր բնույթ,
- միջոցառման նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցում,
- հասունության համապատասխան աստիճան:
Կոչ ենք անում ծնողներին, խնամակալներին, օրենքով երեխայի իրավունքների պաշտպանության համար պատասխանատու այլ անձանց իրենց գործողություններում առաջնորդվել վերոնշյալ սկզբունքներով, ցուցաբերել իրավագիտակցության բավարար մակարդակ և զերծ պահել երեխաներին նմանատիպ միջոցառումներին ներգրավող գործողություններից, որոնց հետևանքով երեխաները սոցիալական հարթակներում ենթարկվում են թիրախավորման, առաջնորդվել միայն ու միայն երեխայի լավագույն շահով», - գրել է Ստեփանյանը: