Արցախում ճանապարհային ոստիկանությունը խստացված ռեժիմով ծառայություն է իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը։
Նշվում է, որ հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, Արցախի նախագահի կողմից անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարություններով Արցախի ողջ տարածքում կազմակերպվում և իրականացվում են հատուկ միջոցառումներ։
«Ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում Կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ստուգվում է նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ և այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում։