00:00:00

«Ես այս իշխանություններին թույլ չեմ տվել իմ տան համար որոշումներ կայացնել․ չեն կարողանում իմ անվտանգությունն ապահովել, թող հեռանան»․ Աղավնոյի գյուղապետ

23:38, 07 մայիս 2022 Լեռնային Ղարաբաղ

«Ինքս մասնակիցներից մեկն եմ այն շարժման, որն այսօր ընթանում է Հայաստանում։ Թեև իշխանությունը շահարկում է այդ ամենն ի շահ իրեն, բայց շարժման նպատակը մեկն է՝ իշխանության հեռացում, եթե իշխանությունը չի էլ հեռանում, ապա իր օրակարգը պետք է փոխի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը։

 

 

Նրա փոխանցմամբ, երբ հետևում են Հայաստանում իշխանությունների հայտարարություններին ամենաբարձր ամբիոններից, հարց է առաջանում, եթե Արցախը հանձնում են, հետո ի՞նչ են անելու՝ թող որևէ մեկին չխաբեն, որովհետև թշնամին միայն Արցախով չի բավարարվելու։

 

«Թշնամին մինչև Գեղարքունիքի մարզ հասել է, ո՞ւմ են խաբում, Արցախի 75 տոկոսը տվել են, իսկ Հայաստանում թշնամին տարբեր մասերում առաջ է եկել։ Այս իշխանությունը ձախողված իշխանություն է, հատկապես՝ երբ հաճախ են հայտարարում, թե ժողովուրդը պարտվել է, երկիրն ու ժողովուրդը չեն պարտվել, պարտվել է իշխանությունը։ Այս ամենը հաշվի առնելով, ես շարժման հետ եմ, նաև մասնակիցն եմ դառնալու, քանի որ գալու եմ Երևան և միանամ մարդկանց։ Այո, այս իշխանությանը պետք է հեռացնեն, քանի որ կապիտուլյանտ իշխանություն է։ Ես չգիտեմ՝ նա էլ ի՞նչ պետք է անի, որ նրան հեռացնեն, մնում է բարձրանա ամբիոն ու ժողովրդին բացահայտ հայհոյի։ Ինքս նրա հայտարարություններն ուրիշ ձևով եմ հասկանում, ինչ-որ սեղմված վիճակում է և ուզում է ասել՝ ժողովուրդ, ինձ մի սատարեք»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

 

Անդրանիկ Չաուշյանը նաև ընդգծեց, որ պետք չէ հիասթափվել ու հայտարարել, թե միևնույն է՝ որևէ բան չի փոխվելու։ Փոխարենը՝ պետք է աշխատել, պայքարել, հետո կտեսնեն արդյունքը։

 

«Մենք ոչ միայն հող ենք կորցնում, այլ ինքնություն։ Մենք միայն տարածքներ չենք կորցնում, հայը ստրուկի կարգավիճակով կարող է միայն 30 տարի ապրել, եթե ամեն ինչ հիմա հանդուրժենք։ Գոնե այսքան տեղը կարողանան պահել։ Ախորժակները մեծ է, մշտապես ասում են՝ տանք-տանք, բայց սա իրենց սեփականությունը չէ, որ որոշեն տալ։ Ես այլ կարծիքի եմ, պետք է գիտակից լինեն, ես իրենց թույլ չեմ տվել իմ տան համար որոշումներ կայացնեն։ Նրանք չեն կարողանում իմ անվտանգությունն ապահովել, հետևաբար թող հեռանան, ես իմ կյանքի հեռագա ճանապարհն ընտրեմ։ Ինչքա՞ն պետք է բենամուս լինենք, որ այս ամենը տեսնելով՝ թույլ տանք, որ շարունակեն։ Մեզ պետք է հայրենիք, որպեսզի գալիք սերունդը երկիր ունենա»,- շեշտեց Անդրանիկ Չաուշյանը։

 

Նրա խոսքով՝ իշխանությունը հստակ հայտարարում է, թե երկիրը դեպի ուր է տանում, և չգիտի՝ այդքանից հետո այդ իշխանությունն ինչ է անելու։

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, մեր զրուցակիցը պնդեց՝ այդ խաղաղությանը չեն հավատում, ավելին՝ արցախցին Նիկոլ Փաշինյանին որևէ մանդատ չի տվել, որ իր փոխարեն որոշումներ կայացնի։

 

«Մենք բավականին մոռացկոտ ենք դարձել, մոռացել ենք Սումգայիթի ու մյուս ջարդերը։ Թուրքը չի հասկանում՝ ինչ է նշանակում խաղաղություն, նա հավատում է միայն ուժին։ Միայն ուժով կարող ենք խաղաղություն հաստատել, կարծում եմ՝ խաղաղության սեղանի շուրջ կարող ենք նստել այն ժամանակ, երբ հաղթած լինենք։ Հիմա հաղթանակ են տվել թշնամուն, իրենք էլ չեն հավատում, որ հաղթած են, լավ հասկանում են, որ շատ շուտով հայը կվերականգնվի։ Մեր գենը մաքուր է, դժբախտաբար, իշխանության մեջ կան անհատներ, որոնց գենը մաքուր չէ։

 

Հիմա այսպես է ստացվել, բայց որ հայը վերականգնվեց, սա այսպես չի մնալու։ Հիմա Սյունիքն ավելի վտանգված է, քան Արցախը, հիմա ռուս խաղաղապահներն Արցախում են։ Որ ասում էին՝ «դուխով», դա մեզ չէր վերաբերում, ազերիներին էր վերաբերում, քանի որ նրանք երկար տարիներ դուխ չունեին, որ այսպիսի հարձակում անեին։ Ասում են՝ ապագա կա, բայց ում համար, չեն ասում՝ հայի՞, թե՞ թուրքի»,- եզրափակեց Անդրանիկ Չաուշյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր