Ամեն ինչի հիմքում Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությունն է, որին միացել 5 քաղաքական ուժ, այնտեղ հստակ նշված է Արցախի դիրքորոշումը, մեր կարմիր գծերը։ Այս մասին NEWS.am–ի զրույցում ասաց Արցախի ժողովրդավարական խմբակցության անդամ Դավիթ Մելքումյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Արցախի փրկության համար Հայաստանում մեկնարկած բողոքի ակցիաներին։
«Մենք մինչ օրս սպասում ենք պատասխանի, թե ինչ է նշանակում նշաձողի իջեցում։ Անընդունելի է Արցախի վերաբերյալ որևէ հարցի քննարկում կամ փաստաթղթի ստորագրում առանց Արցախի մասնակցության»,– ասաց նա։
Հայաստանի իշխանությանը կհաջողվի՞, այդուհանդերձ, ինչ–որ պահի համոզել Արցախի քաղաքական էլիտային՝ ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցնել, հարցին ի պատասխան Մելքումյանն ասաց.«Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ճակատագրին, մենք բոլորս միասին ենք և պայքարելու ենք մինչև վերջ։ Արցախի ժողովուրդն իր որոշումը կայացրել է, մենք մեր գիծը չենք փոխելու և այս առումով մենք բոլորս միասնական ենք»։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ հանդիպմանն ասել է, որ Արցախն ընտրել է խաղաղության օրակարգը, բայց ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ զիջման ենթակա չէ։