«Հիմա մնացել են միայն «կարմիր գծերը», մենք նոր ժամանակահատված ենք ապրում, հատկապես 2020 թվականի երրորդ պատերազմից հետո: Մանևրելու տեղեր գրեթե չկան, կան միայն «կարմիր գծեր», այդպես նաև աշխարհով մեկ է: Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում, նույն Ուկրաինայի դեպքերն այն է, որ այլևս աշխարհաքաղաքական վակուում չկա ոչ մի տեղ, այս ամբողջ երկրագնդում չկա աշխարհաքաղաքական մի ազատ տարածք, որտեղ այս կամ այն երկիրը, այս կամ այն ուժը կարող է այդ վակուումը լցնել: Մեզ մոտ էլ է արդեն ամենը «կարմիր գիծ», այսինքն՝ հիմա Արցախի գոյությունը, ապագան է որոշվում: Ամենամեծ «կարմիր գիծը», որը, դժբախտաբար, ներկված է նաև մեր երեխաների, հերոսների արյամբ, այն է, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, որևէ կարգավիճակով չենք կարող լինել, սա անընդունելի է ժողովրդի ու բոլորի համար, որովհետև դա կբերի Արցախի հայաթափմանը, ցեղասպանության ու նոր պատերազմի: Մենք նաև չենք հրաժարվելու մեր օկուպացված տարածքներից»,- 168.am-ի հետ զրույցում, պատասխանելով՝ պաշտոնական Ստեփանակերտի համար Արցախի հարցի լուծման վերաբերյալ «կարմիր գծերը» որո՞նք են հարցին, ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: |