«Արցախը վտանգել են և շարունակում են վտանգել իշխանությունները՝ իրենց գործունեությամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Փաստորեն ի՞նչ է ստացվում, ասում են՝ Արցախ չենք գնում, որպեսզի Ալիևը չջղայնանա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չենք պաշտպանում, որպեսզի ավելի շատ տարածքներ չկորցնենք, Արցախից չենք խոսում, որովհետև դա վտանգավոր է։ Այսինքն՝ ակնհայտ է, որ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի, և իրենց այս վարքագիծը հիմնավորելու համար փորձում են նման գռեհիկ, անմիտ ելույթներ ունենալ՝ հերթական անգամ մեր ժողովրդին խաբելով, մոլորեցնելով և Ալիևով վախեցնելով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ շատ արագ գործընթացներ են տեղի ունենում, Բրյուսելի վերջին հանդիպումը ևս դրա վկայությունն է։ «Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը։ Եվ այս պահին Ազգային ժողովում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր, մենք նպատակահարմար չենք գտնում։ Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել։ Եվ առաջիկա օրերին լինելու ենք Արցախում, այնուհետև Սյունիքում, Գեղարքունիքում ու Տավուշում, այսինքն՝ ՀՀ այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր»,- հավելեց Սաղաթելյանը։