00:00:00

Քաղաքական ուժերի հետ քննարկումներ կսկսվեն միասնական օրակարգ ձևավորելու ուղղությամբ. ԱՀ նախագահ

16:20, 09 ապրիլ 2022 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 9-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ:

Երկրի ղեկավարը նախ ներկայացրել է հանրապետության ռազմաքաղաքական վերջին զարգացումները, ապա նշել այն հիմնական անելիքները, որոնք, ստեղծված իրավիճակի տրամաբանության համաձայն, պետք է իրականացվեն պետական կառավարման համակարգում։

«Մենք կայուն և հարատև խաղաղության կողմնակիցն ենք, սակայն մենք չենք կարող սակարկել մեր ժողովրդի պահանջը՝ հրաժարվելով ինքնորոշման իրավունքից»,- ասել է նախագահը և ավելացրել, որ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները, անհրաժեշտության կարգով կառավարության օրակարգում կկատարվեն մի շարք փոփոխություններ։

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ քաղաքական ուժերի հետ առաջիկայում քննարկումներ կսկսվեն միասնական քաղաքական օրակարգ  ձևավորելու ուղղությամբ, որը նախևառաջ հիմնված կլինի Արցախի առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներից սպասվող ռիսկերից։

«Խոսքը չի վերաբերում կոալիցիոն կառավարություն ձևավորելուն։ Բայց բոլորս հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն։ Ուստի հորդորս է նաև կառավարության բոլոր անդամներին, մեր հանրության բոլոր շրջանակներին՝ թև ու թիկունք կանգնենք միմյանց, որպեսզի կարողանանք հաջողությամբ հաղթահարել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրները»,- ընդգծել է երկրի ղեկավարը։

Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ Կառավարությունն անցնում է ֆինանսական միջոցների խիստ խնայողությունների, ինչը սակայն չի նշանակում, որ հաստատված ծրագրերը չեն իրագործվելու։

Նիստի ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր