00:00:00

Փաշինյանը սկսել է Արցախի լինելիությունը վտանգող գործընթաց. Արցախի ԱԺ պատգամավոր

17:24, 07 ապրիլ 2022 Լեռնային Ղարաբաղ

Շատ մտահոգիչ է, որ Մինսկի խումբը փորձում են դուրս թողնել գործընթացից, Արցախի մասին խոսում են առանց Մինսկի խումբը շեշտելու, ինչպե՞ս է կարող դա մտահոգիչ չլինել։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը։

Երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպման շրջանակներում բանակցություններ էր վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը քննարկվել հայ-արդբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը։ 

Հանդիպման արդյունքներով, ի թիվս այլնի, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը «օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով»: Նաև նշվում է, որ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:

Պատգամավոր Դավիթ Գալստյանի խոսքերով՝ ՀՀ իշխանություններն ասում էին, որ ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում, բայց բրյուսելյան հանդիպման վերաբերյալ «պաշտոնական հաղորդագրություններում նշված չէր Մինսկի խմբի [Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ, Նահանգներ] անունը»։

Անդրադառնալով դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման հարցին, «Արդարություն» խմբակցության ղեկավարն ասաց․ «Մենք բազմիցս մեր հարցազրույցներում, հայտարարություններում շեշտել ենք, որ այսօր Հայաստանի իշխանությունը մոլորեցնում է հանրությանը՝ թե՛ արցախահայությանը, թե՛ Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին, որ դեմարկացիան, դելիմիտացիան կապ չունի արցախյան խնդրի կարգավորման հետ։ Բայց ոչ մեկ չի պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է կապ չունենալ»։ 

«Այսինքն՝ Հայաստանն Ադրբեջանի ո՞ր սահմաններն է ճանաչելու։ Եվ դրանից հետո իրենք Արցախի կարգավորման հարցն ինչպե՞ս են պատկերացնում։ Մոլորեցնելով հանրությանը՝ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սկսել է մի գործընթաց, որը վտանգում է Արցախի լինելիությունը։ Դա շատ վտանգավոր է։ Եվ չենք կարողանում հասկանալ շտապողականությունը, որը դրսևորվում է հայաստանյան իշխանությունների կողմից», - եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր