00:00:00

Հանրապետականները Թրամփին առաջադրել են Նոբելյան մրցանակի համար. «Ամերիկայի ձայն»

15:03, 15 մայիս 2018 Աշխարհ

ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք հանրապետական օրենսդիրներ նախագահ Թրամփի թեկնածությունը առաջադրել են Նոբելյան մրցանակ ստանալու համար: Նախաձեռնությունը հակասական արձագանք է ստացել: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք հանրապետական կոնգրեսականներ առաջ են քաշել նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը՝ 2019 թվականի Նոբելյան մրցանակ ստանալու համար՝ կապված կորեական թերակղզում խաղաղության հաստատման ջանքերի հետ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջա Ինն աջակցել է այս նախաձեռնությունը: Նախագահ Թրամփն այս առիթով հայտարարել է. «Նոբելյան մրցանա՞կ: Կարծում եմ նախագահ Մունի այդ առաջարկը չափազանց հաճելի էր, սակայն ես ցանկանում եմ միայն, որ հաստատվի խաղաղություն: Դա ամենակարևորն է»,- արձագանքել է Թրամփը: Թրամփի քննադատները սակայն կասկածի տակ են առնում նախագահի խաղաղության հաստատման ցանկությունը՝ ընդգծելով, որ նա մեծացրել է ամերիկյան ռազմական ծախսերը և չի բացառում խնդրի ռազմական կարգավորման տարբերակը: Իր հերթին Նոբելյան մրցանակի տրամադրման կողմնակիցները հակադարձում են: «Եթե նախագահ Թրամփը կարողանա ավարտին հասցնել 70 տարի տևող Կորեական պատերազմը և Հյուսիսային Կորեային ստիպի ապամիջուկայնացվել, ապա նա արժանի է խաղաղության Նոբելյան մրացանակի»,- հայտարարել է սենատոր Լինդսի Գրահամը: Այս պահին դեռևս պարզ չէ, թե արդյոք նախագահ Թրամփին կհաջողվի վերջնականապես կարգավորել Հյուսիսային Կորեայի ճգնաժամը: Նախկինում սակայն խնդրի վերջնական կարգավորման բացակայությունը չի խոչընդոտել այլ գործիչներին խաղաղության մրցանակ ստանալու հարցում: Նման գործիչների թվում են եղել Վիետնամի պատերազմի օրերին Լե Դիք Թխոն և Հենրի Քիսենջերը, ինչպես նաև Յասեր Արաֆատը, Իցխաք Ռաբինն ու Շիմոն Փերեսը: Բացի այդ, պատմությանը հայտնի են առաջադրված այնպիսի գործիչներ, որոնց ներդրումը խաղաղության հաստատման հարցում չափազանց հակասական է: Նրանց թվում է Արգենտինայի նախագահ Խուան Փերոնը, Իտալիայի ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինին և խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինը: 2018 թվականի Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի կդառնա հոկտեմբեր ամսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր