00:00:00

Արտագաղթի պատկերն ամբողջանում է. երկրից գնացել ու չի վերադարձել 73․500 մարդ

22:59, 11 փետրվար 2022 Հասարակություն

Իշխանափոխությունից հետո Հայաստանին «մեծ հայրենադարձություն» էին խոստանում։ Բայց «մեծ հայրենադարձություն» տեղի չունեցավ։ Փոխարենը՝ ստացանք արտագաղթ, որը հասել է ահագնացող չափերի։ Ու դա իշխանություններին կարծես չի էլ հուզում։ Այս մասին գրում է 168.am-ը։ «Ապագա կա» ասելով՝ վերարտադրվեցին։ Շատերը հավատացին դրան ու կրկին ընտրեցին այն քաղաքական ուժին, որը խորտակել էր երկրի ապագան։ Ապագայի հույսերով ընտրեցին ու փոխարենը մնալու և վայելելու իրենց ընտրության պտուղները՝ շատերը հեռանում են Հայաստանից, իրենց ու իրենց երեխաների ապագան այլ երկրում են պատկերացնում։
Գնում են՝ ինչպես հնարավոր է։ Պատրաստ են չափազանց բարձր գին վճարել, տառապանքներ կրել՝ երկրից հեռանալու համար։ Այնտեղ ենք հասել, որ Հայաստանի երբեմնի հպարտ հռչակված քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպում՝ արտագաղթելու իրենց իրավունքը պաշտպանելու և երկիրը լքելու թույլտվություն ստանալ համար։ Հսկայական գումարներ են ծախսում, որպեսզի զարտուղի ճանապարհներով հեռանան ու հաստատվեն Միացյալ Նահանգներում։ Դրա համար պատրաստ են վճարել 30-40, նույնիսկ 50 հազար դոլար՝ 1 անձի համար, մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս տառապել Մեքսիկայի բանտերում ու միգրացիոն ճամբարներում, ապրել անմարդկային պայմաններում, անտառներով ու անանցանելի վայրերով սոված ու ծարավ օրերով քայլել՝ գողեգող Միացյալ Նահանգներ հասնելու համար։ «Ապագա կա» Հայաստանից նաև այսպես են մարդիկ հեռանում։ Միայն անցած տարի Հայաստանի շուրջ 161 հազար քաղաքացի է դիմել «Գրին քարտ» շահելու հույսով ու երկրից հեռանալու ակնկալիքով։ Այդքան մարդ իրենց ապագան միայն Միացյալ Նահանգների հետ են կապում։ Դեռ չհաշված, թե քանիսը չեն դիմել, բայց պատրաստ են հեռանալ։ Ոչ միայն Միացյալ Նահանգներ, այլև այլ երկրներ։ Շատերն էլ նախընտրում են գնալ Ռուսաստան։ Անցած տարվա միայն առաջին կեսին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել շուրջ 22 հազար հայաստանցի։ Սա վերջին 4 տարիների կտրվածքով բացարձակ ռեկորդ է։ Կտրուկ ավելացել է Ռուսաստանի միգրացիոն ծառայություններում հաշվառման կանգնած Հայաստանի այն քաղաքացիների թիվը, ովքեր պատրաստվում են օրինական կարգավիճակ ստանալ այդ երկրում։ Սա է այն ապագան, որը խոստանում էին այս իշխանությունները։ Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի երկրից գնացել ու չի վերադարձել 73 հազար 571 քաղաքացի։ Խոսքը բացառապես ՀՀ քաղաքացիների մասին է։ Գնացել է ընդհանուր առմամբ՝ 762 հազար 792, վերադարձել է՝ 689 հազար 221 քաղաքացի։ Տարվա սկզբին, երբ ակնհայտ դարձավ, որ մարդիկ մասսայական հեռանում են երկրից, իշխանություններն իրենց համար արդարացումներ էին փնտրում, հավաստիացնում էին, թե գնում են արտագնա աշխատանքի, գնալու են ու, ինչպես միշտ, տարվա վերջին վերադառնալու են։ Բայց ինչպես տեսնում ենք, գնացողների մի հսկայական հատված նախընտրել է չվերադառնալ։ Նրանք պարզապես արտագաղթել են այն Հայաստանից, որտեղ իշխանությունների խոստացած պայծառ ապագան այդպես էլ ոչ մի կերպ չի նշմարվում։ Արտագաղթի այն ալիքը, որն ունեցանք անցած տարվա ընթացքում, աննախադեպ էր։
Ճիշտ է, Հայաստանից միշտ էլ գնացել են, բայց նման տեմպերով երկիրը շատ վաղուց չէին լքել։ Նույնիսկ այդքան քննադատված նախորդ իշխանության օրոք այնքան մարդ չէր հեռանում երկրից, ինչքան հեռացել է անցած տարվա ընթացքում։ Անցած տարի արտագաղթածների թիվը կրկնակի ավելի է, քան իշխանափոխությունից մեկ տարի առաջ էր։ Պաշտոնական տվյալներով՝ 2017թ. Հայաստանից գնացել ու չէր վերադարձել 36,2 հազար մարդ, անցած տարի գնացել ու չի վերադարձել ավելի քան 73,5 հազար մարդ։ Ակնհայտ է, որ իշխանությունների խոստացած ներգաղթի փոխարեն՝ երկիրը բախվել է արտագաղթի հերթական ալիքի հետ, որը դեռևս հանդարտվելու որևէ հիմք չունի։ Պատերազմից հետո Հայաստանում ստեղծված անմխիթար իրավիճակը շատերին կանգնեցրել է երկրից հեռանալու մտադրության առջև։ Եթե նախկինում հեռանում էին հիմնականում տնտեսական ու սոցիալական դժվարությունների պատճառով, հիմա դրանց ավելացել են նաև հետպատերազմյան ծանր մթնոլորտն ու շարունակվող անորոշությունն ապագայի նկատմամբ։ Պատերազմից նույնիսկ մեկ ու կես տարի հետո հայտնի չէ, թե ինչ ապագա է սպասվում Հայաստանին։ Իշխանությունները խաղաղության դարաշրջանից են խոսում, պատրաստվում են բացել սահմանները, բարեկամանալ թուրքերի ու ադրբեջանցիների հետ, իսկ վերջիներս շարունակում են հետպատերազմյան հոխորտանքները, սպառնում են ու փորձում իրենց կամքը պարտադրել, անընդհատ լարվածության մեջ են պահում տարածաշրջանն ու մեր երկիրը։ Այսպիսի «խաղաղությունից» էլ մարդիկ փախնում են։ Փախնում են, որովհետև հիմքեր չեն տեսնում դրա համար։ Լավ օրից, իշխանությունների բացած խաղաղության դարաշրջանից ու ապահոված պայծառ ապագայից չէ, որ մարդիկ լքում են երկիրը։ Շատերը հույս ունին, որ պատերազմի ծանր պարտությունից հետո Հայաստանում քաղաքական փոփոխություններ կլինեն, կգան ուժեր, ովքեր ի զորու կլինեն իրավիճակ փոխել։ Բայց այդպես չեղավ։ Քաղաքական իրավիճակը երկրում չփոխվեց՝ մեծացնելով հիասթափությունն ու խորացնելով արտագաղթի ալիքը։ Գնում են ոչ միայն նրանք, ովքեր նախկինում էլ հույսեր չէին կապում այս իշխանության հետ, այլև նրանք, ովքեր իրենց քվեով վերակենդանացրին պարտված ու երկիրը կոլապսի հասցրած իշխանությանը։ Արտագաղթի խորացումը, անշուշտ, ունի նաև սոցիալական ու տնտեսական պատճառներ։ Մինչ շատ երկրներ վաղուց արդեն դուրս են եկել ճգնաժամից, մենք դեռևս վայելում ենք ճգնաժամի հետևանքները։ Բարձր գնաճն ու մարդկանց ցածր եկամուտներն էապես լարել են սոցիալական իրավիճակը։ Գնալով խորանում է աղքատությունը։ Իշխանությունները ոչինչ չեն անում այն մեղմելու համար։ Սպառողական ապրանքների բարձր գնաճը քիչ է, հիմա էլ հանրային ծառայությունների սակագներն են բարձրացնում՝ մեծացնելով մարդկանց ֆինանսական բեռը։ Իշխանությունները հասան նրան, որ երկիրը մեծ տեմպերով դատարկվում է։ Աղբյուր՝ 168.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր