«Ես պիտի ընդգծեմ, որ վատ վերաբերմունք կա զինվորի նկատմամբ, և ով ինչպես կարողացել է, զինվորի հետ վատ է վարվել: Երբ մենք պատերազմի ժամանակ զինվորների մահվան լուրեր էինք իմանում, չէինք պատկերացնում, որ զինվորները զոհվում են խմբերով, մեծ խմբերով:
Նրանց ուղարկում էին գործողության արդեն գրաված Հադրութ, և շատ ծնողներ ասում են, որ զինվորներին օգտագործել են որպես ռեսուրս, որպես թնդանոթի միս (նրանց բառերով եմ ասում)»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ ասուլիսին հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«18-ի գործ» է կոչվում. նրանք Իշխանաձորի մոտ այն զինվորներն էին, ովքեր «Ուրալ» ավտոմեքենայում այրվել են, կան ականատես-վկաներ (18 տղաներից մեկը ողջ է մնացել, մյուս ականատեսը զինվորներից մեկի հայրն է, ով գնացել էր որդուն տեսնելու):
Երբ լսել են ԱԹՍ-ի ձայնը, և զինվորի հայրը հրամանատարին ասել է, որ ամեն մեկը մի տեղում թաքնվեն, բայց հրամանատարը պատասխանել է, որ դա ՀՕՊ-ի գործն է, և հրամայել է, որ բոլորը նստեն «Ուրալ» մեքենան, և 5 րոպե հետո ԱԹՍ-ի հարվածից զինվորները այրվել են «Ուրալ»-ում, բայց այդ սպան ազատության մեջ է, նրան 2 ամսով կալանավորել են և հետո ազատ են արձակել: Դատախազությունը անգամ բողոք չի ներկայացրել, որ նորից կալանավորեն այդ սպային»,- նշեց Ալեքսանյանը:
Իրավապաշտպանի համար անընդունելի է պատասխանատվությունը 18-20 տարեկանների վրա բարդելը, մինչդեռ քննչական մարմնի վերաբերմունքը բոլորովին այլ է, երբ կոնկրետ սպան պատասխանատու է զինվորների մահվան համար: