00:00:00

Բոլոր այն այցերը, որտեղ թռիչքը երկար է լինելու, լինելու են նման պայմաններ.ԱԺ նախագահը բիզնես դասի ավիատոմս գնելու մասին

15:38, 09 փետրվար 2022 Հասարակություն

Կարելի էր ընդհանրապես մասնավոր ինքնաթիռով գնալ, կարելի էր ընդհանրապես վրանում ապրել և կարելի էր ընդհանրապես չգնալ: Այս մասին parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում նշել է ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ նրան, որ ինքն աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել բիզնես դասի ավիատոմսով, որի համար պետբյուջեից վճարվել է 3 միլիոն 375 հազար դրամ, եւս կես միլիոն դրամ փոխանցվել է ձեր գիշերակացի համար, իսկ օրապահիկի համար հատկացվել է շուրջ 250 հազար դրամ: Հարցին, թե չէ՞ր կարելի ավելի համեստ ծախսեր անել, նա արձագանքել է. «Ես համարում եմ, որ այդ խոսակցությունն այլևս տեղին չէ, որովհետև ԱՄՆ ժամանելուց հետո հենց առաջին ժամերին ունեցել եմ գործնական հանդիպումներ: Ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ համարում, որ երկրի ղեկավար կազմը աշխատանքային այց անելիս պետք է լինի 16 ժամ ինքնաթիռում չքնած ու դրանից հետո գնա բանակցի: Ես համարում եմ, որ դա ճիշտ է, և ուզում եմ ասել, որ բոլոր այն աշխատանքային կամ պաշտոնական այցերը, որտեղ թռիչքը երկար է լինելու, ունենալու են պայմաններ, որտեղ հնարավոր է լինելու աշխատել: Օրինակ, երբ Մոսկվա ես թռչում, դրա կարիքը չկա, որովհետև կարճ է թռիչքը: ԱՄՆ մեր ուղևորությունը տևել է 24 ժամ, այսինքն, մենք 24 ժամ ճանապարհին ենք եղել: Այստեղից մեկ այլ երկիր ենք գնացել, այնտեղ սպասել ենք, հետո շարունակել ենք: Բայց ես ԱՄՆ-ում պետք է հանդիպումներ ունենայի և ես չէի կարող հանդիպումների ժամանակ քնել: Ինչ վերաբերում է գիշերակացին, այն որևէ ձևով չի տարբերվում հասարակ միջին գիշերակացից: Ընտրվել է միջին դասի հյուրանոց, որևէ արտառոց բան դրա մեջ չեմ տեսնում: Համարում եմ, որ ավելի լավ պայմաններ պետք է ստեղծվեն, որ այն մարդիկ, որոնք գնում են աշխատելու, հնարավորություն ունենան նաև հանգստանալու»: Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի այս 8 ամիսների ընթացքում աննախադեպ շատ միջադեպեր են գրանցվել՝ շիշ նետել, ոտքով հարվածել, վիրավորել, հայհոյել, ամբիոնի մոտից հեռացնել պատգամավորին, բռնությամբ դահլիճից դուրս հանել, պատգամավորների օգնականների մասնակցությամբ ծեծկռտուք, Ալեն Սիմոնյանն ասել է. «Մենք չէինք կարող խուսափել այդ երևույթներից, որովհետև նախընտրական ժամանակահատվածը աչքի է ընկել շատ ավելի վատ երևույթներով և շատ ավելի վատ հայտարարություններով: Ընդդիմությունը և ընդդիմադիր տարբեր գործիչներ չեն խորշել գնդակահարություններ բեմադրել, չեն խորշել անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնել և, բնական է, որ փողոցային պայքարի ամբողջ բացասական էներգիան եկել ու պարպվել է այդ փոքր դահլիճի մեջ: Բնական է, որ այդ լարվածությունը պետք է ինչ-որ ձևով արտահայտվեր և արտահայտվում է: Ես ցավում եմ այդ միջադեպերի համար: Բնական է՝ հանրությունը վատ է վերաբերվում դրան ու ճիշտ է անում, որովհետև իրենք դրա համար չէ, որ պատվիրակել են պատգամավորներին: Բայց ներողություն եմ խնդրում, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է շիշը նետել ելույթ ունեցողի ուղղությամբ, ոչ թե հակառակը»: Հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի այդ միջադեպերով էթիկայի հնձնաժողով ստեղծել, նա պատասխանել է. «Իմ համոզմամբ՝ դա որևէ բան չէր փոխի: Այսինքն, ի՞նչ, Սեյրան Օհանյանին կանչեինք Էթիկայի հանձնաժողով, ասեինք՝ եթե ելույթ ունեցողի հետ համաձայն չես, ինչո՞ւ ես շիշ նետում իր ուղղությամբ, ի՞նչ էր դա փոխելու: Էթիկան պետք է ներքին լինի: Երբ մարդիկ գալիս են ԱԺ և փորձում են իրենց այնտեղ լինելը արդարացնել նման գործողություններով, այլ ոչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալով, ի՞նչ էթիկայի հանձնաժողով: Իրենք գալիս են իրենց ընկերների, որոնք իրենց բնորոշմամբ, քաղաքական առումով հետապնդվում են, առջև արդարանան, ասեն՝ տեսեք, մենք այստեղ գործ ենք անում, պայքարում ենք ձեզ համար: Այդտեղ ի՞նչ էթիկայի մասին է խոսքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր