ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են խարդախության փորձի, այն է՝ ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար կազմակերպելու միջոցով գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները:
ՔԿ-ից հայտնում են, որ Կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Լոռու մարզի Ախթալա և Շնող համայնքների երկու բնակիչներ, իրար հետ նախնական համաձայնության գալով ապահովագրական ընկերությունից խաբեության եղանակով զգալի չափերով՝ 286.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու շուրջ, 2021թ. ապրիլի 29-ին՝ ժամը 21:55-ի սահմաններում, իրենց կողմից վարած «Մերսեդես-Բենց Ե320» և «Մերսեդես-Բենց Ե220» մակնիշի ավտոմեքենաների օգտագործմամբ, Վանաձոր-Վրաստանի սահման Մ6 ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում, կազմակերպել են ճանապարհատրանսպորտային կեղծ պատահար:
Հաջորդ օրը՝ 2021 թվականի ապրիլի 30-ին, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբի տեսուչը, չիմանալով վերը նշված անձանց՝ կեղծ վթարի շուրջ պայմանավորվածության մասին, կազմել է իրավունք վերապահող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող արձանագրություն, որը ստորագրությամբ հաստատվել է «պատահարի» մասնակիցների կողմից և ուղարկվել ապահովագրական ընկերություն: