00:00:00

Դատավորներն ու փաստաբաններն ակցիա կիրականացնեն՝ ի աջակցություն Բորիս Բախշիյանի

12:24, 01 փետրվար 2022 Իրավական

Մի խումբ դատավորներ այսօր կհավաքվեն Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրի (ք.Երևան, Նազարբեկյան 40) մոտ՝ ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի և հանուն դատավորների ֆունկցիոնալ ազատության և դատական իշխանության անկախության։ Ժամի մասին ավելի ուշ կհաղորդվի: Դատավորների ակցիային միանալու են նաև մի խումբ փաստաբաններ: Հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել: Հիշեցնենք` երեկ Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։ Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել: Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր