Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ծեծի են ենթարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից երկուսին:
Մասնավորապես անհայտ անձը մոտեցել էր բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել մասնակից, 19-ամյա Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, եւ ձեռքով հարվածել է նրա մարմնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա բռունցքով հարվածել մասնակից 25-ամյա Էդգար Վ.-ի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել եւ տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք:
Այսօր ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն էր դիմել Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, հետաքրքրվելով, թե ինչ ընթացքի մեջ է գործը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձը 45-ամյա Ժորա Ռ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 16.30-ին ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ակտիվիստների վրա հարձակում գործած անձը Երեւան քաղաքի բնակիչ, 1973 թվականին ծնված Ժորա Աշխարհաբեկի Ռուբենյանն է: Վերջինս բնակվում է Վարդանանց փողոցում:
Տուժողներից Համբարձում Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունում դեպքի օրը արդեն իսկ ցուցմունք է տվել: Մինչ այս պահը նրա եւ Ժորա Ռուբենյանի միջեւ առերեսում տեղի չի ունեցել: Հարցին, թե ունի տեղեկություններ արդյո՞ք Ռուբենյանը ինչ կապ ունի Տարոն Մարգարյանի հետ, տուժողը նշեց, որ այս պահին նման տեղեկատվության չի տիրապետում: Այսօր տուժողը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել:
Առաջիկայում թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ կհրապարակենք:
Հավելենք, որ համաժողովրդական շարժման օրերին բազմաթիվ քաղաքացիներ Երեւանի տարբեր շրջաններում ենթարկվեցին հարձակման եւ ծեծի: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ակտիվիստների մեքենաները ջարդուփշուր անողները, քաղաքացիների վրա հարձակվողները եղել են Տարոն Մարգարյանի թիմակիցները:
Irakanum.am