Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ իր բուհական դիպլոմը կեղծ չէ։

«Ես ավարտել եմ պետական կարգավիճակ ունեցող համալսարան։ 1992 թվականին իմ անձնական գործերը տվել եմ ինստիտուտ, իրենց հարցրել եմ՝ այն պետական կարգավիճակ ունի՞, թե՞՝ ոչ, ասել են՝ ունի։ Դրա հիման վրա ես սովորել եմ իրավագիտության բաժնում եւ ավարտել եմ 1996 թվականին։ Ես կտրականապես հերքում եմ տեղեկությունը, որ իմ դիպլոմը կեղծ է»,- նշեց Պողոսյանը։

Պողոսյանն ասաց, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մարզպետ նշանակվելիս ներկայացրել է կառավարությանը։

NEWS.am-ի հետ զրույցում Գորիսի Սյունիք ինստիտուտի տնօրեն Գրավիկ Բաբայանն ասաց, որ ինստիտուտը հավատարմագրում չունի, սակայն նախարարությունն արտոնագիր է տվել ինստիտուտին 1992 թվականին։

«1991 թվականին համալսարանը բացել ենք, 1992 թվականին արտոնագիրը ստացել ենք։ Համալսարանը եղել է արտոնագրված, ինչի հիման վրա իրեն տրվել է համապատասխան դիպլոմը։ Հետևաբար՝ Մելիքսեթ Պողոսյանին տրված դիմումը չի կարող լինել կեղծ, և առհասարակ կեղծ դիպլոմներ մեզ մոտ երբևէ չեն տրվել։ Կեղծ որակավորումը շատ սխալ է այս դեպքում»,- ասաց նա։

Ավելի վաղ Yerevan Today-ը հարցումների միջոցով պարզել էր, որ «Սյունիք» ինստիտուտ արտադրական կոոպերատիվը 1996 թվականի հուլիսի 22-ին բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «Ժուռնալիստիկա», «Ֆինանսներ և վարկ» և «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների գծով ստացել է արտոնագիր՝ 1997 թվականի հուլիսի 16-ին՝ «Իրավագիտություն» մասնագիտության գծով արտոնագիր։ Ըստ աղբյուրի՝ ստացվում է, որ Սյունիքի մարզպետը 1992 թվականին ընդունվել, 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, սակայն այդ ինստիտուտը իրավագետ կրթելու արտոնագիր ստացել է մարզպետի ավարտելուց մեկ տարի անց միայն։