00:00:00

Քրեական գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար իրականացնում է ներկա դատախազության ներկայացուցիչը. Սերժ Սարգսյանը՝ դատարանում

23:59, 13 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ»-ի Բարսեղի՝ Բարսեղ Բեգլարյանի և Սամվել Գալստյանի գործով դատական նիստն այսօր ընթացել է լարված մթնոլորտում։ Քրեական գործը գտնվում է ապացույցների հետազոտման՝ գործում առկա գրավոր ապացույցների ուսումնասիրության փուլում։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բարձրացրել է Սերգո Կարապետյանի նկատմամբ հնարավոր ճնշումների, ապօրինի ազդեցությունների հարցը։ Նշենք, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է Սերգո Կարապետյանի ցուցմունքը։ Փաստաբան Մակինյանը դատական նիստում հայտնել է ՀՔԾ-ին սպասարկող ալեհավաքից Սերգո Կարապետյանի կողմից 10 վայրկյան տևողությամբ հեռախոսազանգ կատարելու հանգամանքի մասին, նույն օրը գրվել է համապատասխան դիմումը, մի քանի օր անց՝ հաստատվել է, որ Կարապետյանը այցելել է ՀՔԾ։ Մակինյանի խոսքով՝ Սերգո Կարապետյանը 2019թ հոկտեմբերի 5-ին առնվազն եղել է ՀՔԾ-ում, որից հետո գրվել է հանրային դիմումը, ինչից հետո քրեական գործի ընթացքն ամբողջ ծավալով փոփոխվել է։ Մեղադրող դատախազն էլ առարկեց՝ նշելով, որ եթե Սերգո Կարապետյանի նկատմամբ ապօրինի ազդեցություն տեղի ունեցած լիներ, ապա վերջինս միշտ հարցաքննվել է պաշտպանի ներկայությամբ, երբևիցե կաշկանդվածություն չի ունեցել ապօրինի հնարավոր ազդեցությունների մասին համապատասխան հաղորդումներ ներկայացնելուց։
Դատական նիստի ընթացքում կրքերը պարբերաբար թեժանում էին։ Դատախազի կողմից «Ֆլեշ» ՍՊԸ-ի վերաբերյալ հայտարարությունները հունից հանեցին Բարսեղ Բեգլարյանին, ինչից հետո նախագահող դատավոր Վահե Միսակյանը նշեց, որ պետք է թույլ տալ, որ դատախազը ավարտի խոսքը և հորդորեց, որ այլևս նման իրավիճակներ չստեղծվեն։ Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ երրորդ նախագահը՝ նշելով, որ քրեական գործը քաղաքական պատվեր է, որը ջանասիրաբար իրականացնում է ներկա դատախազության ներկայացուցիչը, ինչին ի պատասխան էլ՝ դատախազ Մարտիրոսյանը, բարձրացնելով ձայնը, հայտարարեց, որ քաղաքական ոչինչ չկա, սա մաքուր իրավական պրոցես է և իր վարքագիծը կառուցված է քրեական դատավարության օրենսդրությամբ։ Դատավոր Վահե Միսակյանն էլ նշեց, որ պետք չէ բարկացած ձայնով խոսել, դատական քննությունն ընթանում է վաղուց և որպես կանոն գործի քննությունը գնացել է փոխադարձ հարգանքի և կոռեկտության սահմաններում, կողմերից ակնկալում է, որ վերջիններս կշարունակեն պահպանել փոխադարձ հարգանքը և դատական նիստերի կարգը։ Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր