00:00:00

«Եթե «Գուգլը» գնա այդ քայլին, փաստորեն կստացվի, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն սատարում է Ադրբեջանին». Դավիթ Բաբայան

00:37, 13 հունվար 2022 Հասարակություն

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ թեև Արցախում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և նրա կողմից ներկայացված դիմումը «Գուգլին»՝ հայկական անվանումները ադրբեջաներենով փոխելու վերաբերյալ, երկու տարբեր հարցեր են, սակայն մեկը մյուսի հետ անմիջական կապ ունեն։ «Ադրբեջանի կողմից «Գուգլին» դիմելը և առհասարակ նրա գործողություններն ամբողջությամբ հայատյացության դրսևորումներ են։ Փաստորեն Ադրբեջանը շարունակում է ցեղասպան, ահաբեկչական քաղաքականությունը, նաև տեղեկատվական, մշակութային ոլորտում և բոլոր այլ ուղղություններով։ Ի՞նչ է նշանակում՝ հայկական անվանումները փոխարինեն ադրբեջաներենով, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Արցախի մշակութային ցեղասպանության իրականացում։ Հիմա եթե «Գուգլը» գնա այդ քայլին, փաստորեն կստացվի, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն սատարում է, հասկանալով կամ չհասկանալով։ Բնականաբար, մենք ձեռքներս ծալած չենք նստելու, շարունակելու ենք և փորձելու ենք հակադրվել հակառակորդի նման քայլերին, որովհետև կրկնում եմ՝ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ցեղասպան քաղաքականության շարունակություն»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիաներին, որոնք պարբերաբար կրկնվում են, Դավիթ Բաբայանը նշեց, որ այդ ամենը Ադրբեջանի քաղաքականությունն է, որն իրականացնում է՝ ինչպես քարոզչական, այնպես էլ՝ դիվանագիտական ու քաղաքական դաշտում։ «Նման քաղաքականությունն Ադրբեջանի էությունն է, որից երբեք չի հրաժարվել։ Այդ պատճառով էլ նրա գործողությունները չպետք է լինեն ինչ-որ անակնկալ կամ արտառոց ինչ-որ դեպք։ Սա այն է, ինչ միշտ եղել է Ադրբեջանը և այդպես էլ շարունակելու է»,- հավելեց Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը։ Այս համատեքստում Դավիթ Բաբայանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանին», նկատելով՝ եթե խոսում են տեսական մոտեցումներից՝ ընդհանրական ու արժեքային, ապա ո՞վ չի ցանկանում, որպեսզի խաղաղության դարաշրջան լինի, միայն աննորմալ մարդիկ նման բան չեն ցանկանա։ Սակայն, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, տեսանելի չէ, որ նրանց մոտ լինի թեկուզ չնչին պատրաստակամություն գոնե նորմալ երկխոսություն հաստատելու համար։
«Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի մեզ վնասեն, այսինքն՝ ամեն մի ստոր քայլի դիմում են։ Նրանց այս քաղաքականությունն ամենուր է։ Տեսեք, թե Ադրբեջանում ինչպիսի մթնոլորտ է տիրում, ինչպիսի հայատյաց հայտարարություններ են անում՝ Ալիևից սկսած՝ մինչև մսուր-մանկապարտեզի սան։ Այդ հայատյացությունը սերմանվել է նրանց հասարակության մեջ։ Ակնկալել, որ կարող է Ադրբեջանի քաղաքականության մեջ լինի բեկումնային փոփոխություն՝ իրատեսական չէ»,- շեշտեց Դ. Բաբայանը։ Ինչ վերաբերում է հունվարի 11-ին թշնամու կողմից Ստեփանակերտի ուղղությամբ կրակ արձակելուն, Դավիթ Բաբայանը նախ նշեց, որ երբ նման տեղեկություններ են տարածվում, անպայման պետք է ճշտել պետական մարմիններից, քանի որ երբեմն մարդիկ տարածում են չճշտված տեղեկություններ։ «Կարող եմ ասել, որ Արցախում որևէ խուճապ չկա ու չի էլ կարող լինել։ Իսկ այդ կրակոցները մենք տեսանք Թաղավարդում ու Կարմիր Շուկայում, նրանք թիրախավորել էին քաղաքացիական օբյեկտ, որը տեղակայված է եղել մանկապարտեզի մոտ։ Նախիջևանիկում կրակ են բացել գյուղացիների վրա, սա է Ադրբեջանի էությունը, սա է իրական Ադրբեջանը»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր