00:00:00

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար․ ՄԻՊ

02:51, 12 հունվար 2022 Հասարակություն

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության ու այլ զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու համար։ Այս մասին ասված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում հայտարարության մեջ: «Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը հատկապես ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Հրետանին լսելի է եղել նաև Կութ գյուղում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է: Այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից: Ասօրվա ադրբեջանական հարձակումները, ինչպես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տեղի են ունեցել հրետանի և անօդաչու սարքեր կիրառելով: Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով: Ուստի, ՀՀ զինված ուժերը անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը: Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար»,- գրել է Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր