00:00:00

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածությանը

16:59, 11 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի թեկնածության առաջադրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԲ նախագահի տեղակալի թափուր տեղի համար  Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Թեկնածուին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Խաչատրյանը 2020-ի հուլիսին ԱԺ-ի կողմից ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ, հանդիսանում է ԿԲ աուդիտի կոմիտեի անդամ, ներկայացնում է ԿԲ-ն՝ ԵԱՏՄ մակրոտնտեսական և վիճակագրական հանձնաժողովներում, խորհրդատվական ձայնի իրավունքով ԿԲ-ն ներկայացնում է ՀՀ կառավարությանը կից նախարարական կոմիտեում:  Խաչատրյանը, անդրադառնալով մասնավորապես նկատվող գնաճին՝ ասաց. «Բարեբախտաբար այսօր արդեն մենք մտել ենք մի փուլ, երբ 12-ամսյա գնաճն ամսից ամիս բարելավման, նվազման միտում է դրսևորում, իսկ ֆինանսական շուկաներում իրավիճակը մոտ է հետճգնաժամային իրավիճակներին»: Նա, որպես ԿԲ խորհրդի անդամ, սպառողների շահերի տեսանկյունից անդրադարձավ գերվարկավորվածության խնդրին՝ վստահեցնելով, որ իր գործողություններով ամեն կերպ փորձել է նպաստել այս խնդրի լուծմանը, գերվարկավորվածությունը թուլանում է, բայց դեռ ուշադրության արժանի է: Որպես ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու՝ նա նշեց. «Թվայնացումն ու վճարահաշվարկային համակարգի զարգացումն այլընտրանք չունեն: Ես ինքս մեծ չափով մասնակցություն եմ ունենալու դրան: Ես կողմնակից եմ չափավոր փորձարարական մոտեցմանը»: Անդրադառնալով 2022-ի համար կառավարության կանխատեսած 7 տոկոս տնտեսական աճին՝ Խաչատրյանը հիշեցրեց, որ ԿԲ-ն դա համարել է հավակնոտ: Դա էականորեն կախված է և՛ կառավարության, և՛ մասնավորի կողմից իրականացվող ներդրումներից: Խաչատրյանի թեկնածությանը կողմ քվեարկեց հանձնաժողովի 6 անդամ, դեմ և ձեռնպահ ձայներ չկային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր