00:00:00

Պետք է միջազգային ասպարեզում առաջ տանենք Արցախի կարգավիճակի հստակեցման գաղափարը․ Վիտալի Բալասանյանի ուղերձը

16:47, 31 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Ամանորի ուղերձ է հղել, որում ասվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, 2021 թվականն Արցախում աչքի է ընկել պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ։ Շնորհիվ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի իրականացրած ծառայության, Արցախում ընդհանուր առմամբ պահպանվել է հարաբերական խաղաղություն։ Ցավոք, տարվա ընթացքում հակառակորդը սադրել է նաև առանձին միջադեպեր, այդ թվում մահացու ելքերով, ինչն ակնհայտ ցույց է տալիս, որ իրավիճակի լիարժեք կայունացմանն ուղղված անելիքները դեռևս շատ են։ Միևնույն ժամանակ, պետությունը՝ հանձնառու լինելով լուծելու իր քաղաքացիների խնդիրները, կոնկրետ և թիրախային միջոցներ է ձեռնարկել՝ բավարարելու մարդկանց կարիքները, հատկապես բռնատեղահանվածներին ապահովելու բնակարաններով և կենցաղի համար անհրաժեշտ բոլոր այլ պայմաններով։ Կատարածն արձանագրելով հանդերձ, պետք է բոլոր ուղղություններով ընդլայնենք աշխատանքների ծավալները՝ նպատակակետ դարձնելով հնարավորինս շատ մարդկանց կարիքները բավարարելու հրամայականը։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ազգային ներուժի համախմբումը։ Հարկ է նաև ակտիվ աշխատանքներ կատարել բարեկամ պետությունների հետ՝ միջազգային ասպարեզում առաջ տանելու Արցախի կարգավիճակի հստակեցման գաղափարը, որը հենված է ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքի վրա։ Սիրելի՛ արցախցիներ, Պատերազմի արհավիրքը դեռ երկար ժամանակ մնալու է բոլորիս հիշողություններում։ Սակայն պետք է շեշտել, որ երեսնամյա ճանապարհ անցած Արցախի Հանրապետությունը դիմակայել է իր կենսունակությանը սպառնացող վտանգներին։ Մեր մտքերում վառ պահելով կորուստները և աղոթելով աղետալի պատերազմում զոհված տղաների անմար հիշատակի համար՝ դրա հետ մեկտեղ պետք է մտածենք սերունդների համար լավ ու ապահով ապագա կերտելու ուղղությամբ և իրագործենք այդ նպատակը։ Հավատացած եղեք, որ արվում է և կարվի հնարավոր ամեն ինչ՝ Արցախը հայկական պահելու և Հայրենիքում վերստին ստեղծելու և զարգացնելու արժանապատիվ կյանքի պայմաններ։ Հավերժ փա՛ռք Հայրենիքի համար նահատակվածներին։ Շնորհավո՛ր Ամանոր։ Բարին ընդ մեզ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր