00:00:00

Կանենք առավելագույնը՝ 2022թ. մեր նախանշած ծրագրերը կյանքի կոչելու համար. Երևանի քաղաքապետի ուղերձը

14:50, 31 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի երևանցիներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Ամանորը ամենասպասված ու գեղեցիկ տոնն է ամբողջ աշխարհում: Որպես նաև ընտանեկան տոն՝ այն յուրահատուկ ջերմությամբ է նշվում հայկական օջախներում:
Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարի ծառայություն մեր զինծառայողներին, ուզում եմ, որ Ձեր ընտանիքներում թևածի տոնական մթնոլորտը: Առողջություն և բոլոր նվիրական երազանքների իրականացում:
Որպես հետպատերազմյան տարի, 2021 թվականը, ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ մայրաքաղաք Երևանի համար լի էր մարտահրավերներով ու դժվարություններով: Այդուհանդերձ, ցանկանում եմ հատկանշել, որ տարեկան ծրագրերով մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարվել են: Քաղաքային տնտեսությունը անընդհատ զարգացող օրգանիզմ է, և մեզանից մեծ նվիրում ու ջանքեր են պահանջվում՝ Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար:
Ուզում եմ նաև վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը կանի հնարավոր առավելագույնը, որպեսզի ձեզ հետ միասին կարողանանք կյանքի կոչել նաև 2022թ. մեր նախանշած ծրագրերը: Քաղաքի առջև ծառացած խնդիրները ինստիտուցիոնալ, նորարարական և հիմնավոր լուծումների կարիք ունեն: Մեր գործելակերպի հիմքում լինելու է թիմային աշխատանքը՝ սերտ համագործակցելով քաղաքական և գործադիր ինստիտուտների, այդ թվում՝ Երևանի ավագանու հետ:
Սիրելի երևանցիներ, քաղաքամայր Երևանի կառավարման գործում ակնկալում եմ նաև ձեր ակտիվ դերակատարումը: Մենք պատրաստ ենք լսել ձեր խորհուրդներն ու դիտարկել առաջարկները՝ ի բարօրություն մեր հրաշալի ու հինավուրց մայրաքաղաքի:
Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ և սիրով միանում Ձեր ընտանիքներում հնչող տոնական բարեմաղթանքներին»,- ասված է ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր