00:00:00

Վարդենիսում օրը ցերեկով տեղի է ունենում մանդատագողություն, ավագանու անդամների առևանգում. Իշխան Սաղաթելյան

18:06, 30 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Այն, ինչ կատարվում է այս պահին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու նիստի ընթացքում, որևէ աղերս չունի իրավական պետության վարքագծի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Օրը ցերեկով և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մանդատագողություն, ավագանու անդամների առևանգում, օրվա իշխանության դիմագծին հարիր այլանդակություն: Համայնքի ավագանի ընտրված թեկնածուների և քաղաքական ուժերի հանդեպ վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով այս պահին կիրառվում են միջնադարյան բռնարարքներ, և այս ամենը ոչ այլ ինչ է, քան խուժանապետության հաստատում մեր երկրում: Հ.Գ. Շուտով հանդես կգամ ֆեսյբուքյան ուղիղ եթերում և առավել հանգամանալից կներկայացնեմ իրավիճակը Վարդենիսում»: Նշենք, որ այս պահին տեղի է ունենում Վարդենիս համայնքի ավաանու անդրանիկ նիստը: ՔՊ-ական թեկնածու, նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը շարունակաբար մեղադրանքներ էր հնչեցնում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանի հասցեին։ Նա պնդել է, որ «Ահարոն Խաչատրյան» դաշինքից ընտրված ավագանու անդամ  Կարեն Մկրտչյանը որեւէ դեպքում չպետք է մտնի համայնքապետարան. «Կարեն Մկրտչյանը թող միայն քվեարկությանը մասնակցի։ Նրա գործունեության մեջ եղել են կեղտոտ դեպքեր, եւ չեմ կարող ես թույլ տալ, որ մտնեն նորից համայնքապետարան։ Կարեն Մկրտչյան, դու էս շենք պիտի չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք, հերիք է այս համայնքը թալանես, դու գլխովդ ես պատասխան տալու»,- ասել է Մելքոնյանը։ Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։ Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր