Մեր երկրի ապաքինման ճանապարհին պարտավոր ենք խնդիրները խորքային վերլուծության ենթարկել՝ ազնվորեն ընդունելով մեղքի մեր բաժինը։ ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։

«Ձեր առջև կանգնած եմ անձնական կորուստների ու հարվածների ցավը չհաղթահարած, բայց գիտակցումով ու պատասխանատվությամբ, որ դեպի անդունդ գլորվող մեր անկախ պետականության ճանապարհի այս հատվածում անկարելի է սեփական ցավով օտարանալը։ Հայրենիքից, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ եթե դեռ հասկացված չես»,-նշեց երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանը նկատեց՝ տարիներ շարունակ ոմանց կողմից ձևակերպվող սպասումը, թե Արցախը հանձնենք, լավ կապրենք, քայքայեց ու կործանեց 30-ամյա անկախության հիմքերը։

«Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը։ Սա հասկանալու համար մեր ժողովրդին պետք եղավ անցնել կորուստներով լի պատերազմով։ Ես և իմ զինակից ընկերները երբեք չենք թաքնվել բունկերում։ Մեր սերունդը հավատում էր, որ հայրենիքի առջև պարտքը կատարելը հերոսություն չէ, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելը մեր պարտքն էր»,-ասաց Սերժ Սարգսյանը։