00:00:00

Դու ունես երկընտրանք. սպասարկել մի կուսակցությա՞ն, թե Երևանի ու երևանցու շահերը․ Իզաբելլա Աբգարյանը՝ Հրաչյա Սարգսյանին

15:59, 18 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա աբգարյանի բաց նամակն ուղղված Իմ քայլի կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանին․
Պարոն Սարգսյան, Hrach Sargsyan ջան,
Յուրաքանչյուրի մոտ կյանքում լինում է պահ, երբ ճակատագրական որոշում է պետք կայացնել: Այսօր դու ես կանգնած այդ մարտահրավերի առջև և ունես բարդ երկընտրանք՝ կարճատև աշխատանքային առաջխաղացո՞ւմ՝ փակելով աչքերն ու ականջները, որ չտեսնես երևանցիների զայրույթը և խաբված, արհամարհված լինելը, թե՞ արժանապատիվ քայլ, որը, կապիտալացվելով, քեզ ավելի ուշ հնարավորություն կտա աշխատանքային նոր հաջողությունների և, ամենակարևորը, պարզերես կլինես երևանցիների առջև:
Դու ունես երկընտրանք. սպասարկել մի կուսակցությա՞ն, թե Երևանի ու երևանցու շահերը: Առաջին դեպքում, լավ իմացիր, որ դառնալու ես խամաճիկ, որը չի կարողանալու Ոչ ասել, եթե քեզ քաղաքապետ նշանակող թիմից մեկը որևէ բան պահանջի, որն, ըստ քեզ, սխալ կլինի Երևանի համար՝ կադրերի նշանակումից մինչև այլ՝ տարբեր հարցեր: Չես կարողանալու ՈՉ ասել, որովհետև լիովին կախվածության մեջ ես լինելու՝ չունենալով որպես հենարան ժողովրդի վստահությունն ու համակրանքը:
Երկընտրանքդ նաև լինելու է գիշերը հանգիստ խղճով քնելու և անընդհատ «ուրիշինը վերցրածի» զգացումից տառապելու մեջ:
Երևանի ավագանու նիստերի դահլիճի մոտ, պատին փակցված են մեր համայնքի բոլոր ղեկավարների լուսանկարները: Խնդրում եմ, ուշադիր նայիր ու հարց տուր քեզ, թե արդյո՞ք Հայկ Մարությանն է, որ արժանի է դառնալ այն քաղաքապետը, ում հեռացրել է ավագանին:
Գիտե՞ս, երբ ես եմ նայում այդ լուսանկարներին, աչքերիս առաջ անցնում է Երևանի պատմությունը՝ փառահեղ ժամանակահատվածներով, երբ Երևանը քաղաք էր դառնում և խայտառակ, հանցավոր տարիներով, երբ հանրային, կանաչ տարածքները ոչնչացվում էին, համայնքայինից դառնում ինչ֊որ մարդկանց սեփականությունը ...
Ի՞նչ են քո նկարին նայելիս մտածելու ավագանու ապագա անդամները, եթե քո նկարն էլ փակցվի այդ պատին: Գիտե՞ս, որ աշխատանքիդ, արածիդ մասին չեն մտածելու: Հիշելու են, որ դու երևանցուն հնարավորություն չտվեցիր ընտրություն կատարել, չպաշտպանեցիր արդեն իսկ կատարած ընտրությունը:
Այս ընթացքում աշխատելով միասին, անցնելով թե՜ վատ, թե՜ լավ օրեր՝ չեմ ուզի, որ հայտնվես այդ աննախանձելի վիճակում:
Ուստի խնդրում եմ քեզ ինքնաբացարկ տալ և պահանջել, որ հաջորդ քաղաքապետն էլ ընտրված լինի երևանցիների կողմից:
Իմաստություն, կամքի ուժ և արդարամտություն մաղթելով՝
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր