Դեկտեմբերի 15-ին, Արեւելյան գործընկերության գագանթաժողովին ընդառաջ, «Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի բյուրոն ուղերձ է հղել գավաթնաժողովին։ Եւ ի՞նչ եք կարծում՝ կա՞ այդ ուղերձում մեկ բառ անգամ Ադրբեջանի կողմից կիրառված՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների, սպիտակ ֆոսֆորի, ռազմագերիների ու պատանդների մասին։ Դե իհարկե՝ ոչ։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«List.am-ից մի քանի հայտարարություն գոնե գրեիք էլի

Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի պահվածքը պետք է քննարկման առարկա դառնա ոչ միայն եռակողմ ձեւաչափով, այլեւ ՀԱՊԿ-ում, ՄԱԿ-ում, Հաագայի դատարանում, ՄԻԵԴ-ում։ Ես պատրաստվում եմ մասնակցել ԱՄՆ-ի Ժողովրդավարության գագաթնաժողովին, որը տեղի կունենա առցանց, եւ այնտեղ էլ պատրաստվում եմ բարձրացնել այդ հարցը։ Այն, ինչ անում է Ադրբեջանը եւ նրան սատարող երկրները, դա հարձակում է ինքնիշխանության, պետականության, անվտանգության վրա, իսկ այժմ արդեն կարելի է ասել՝ նաեւ Հայաստանի ժողովրդավարության վրա»։

Երեկ տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովը, Նիկոլ Փաշինյանը, այո, ինչպես եւ խոստացել էր, առցանց մասնակցեց այդ համաժողովին եւ ոչ մի բառ Ադրբեջանի եւ նրան սատարող երկրների սանձազերծած ագրեսիայի, մեր ինքնիշխանության, մեր պետականության, մեր անվտանգության եւ ինչպես եզրափակեց իր ասուլիսում Փաշինյանը՝ այո, Հայաստանի ժողովրդավարության վրա։

Մեկ այլ հարթակ, որտեղ եւս ոչ մի բառ ագրեսոր, ռազմական հանցագործ եւ Հայաստանի ինքնիշխանության սպառնալիք Ադրբեջանի մասին։ ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ալիեւի ընկեր Նազարբաեւը հայտարարեց, որ հնարավոր է համարում Ադրբեջանի հետ բանակցությունը, որպեսզի վերջինս դառնա ԵԱՏՄ դիտորդ երկիր: Նազարբաեւից հետո խոսքի իրավունքը ՀՀ վարչապետնն էր ու, ի՞նչ եք կարծում՝ այո, ճիշտ եք կարծում՝ ոչ մի խոսք այն մասին, որ մինչեւ Ադրբեջանը չդադարեցնի ագրեսիան Հայաստանի հանդեպ, մինչեւ Արցախի հիմնախնդրի հարցում չլինեն հստակ որոշումներ, մինչեւ Ադրբեջանն իր «նախիրը» հետ չքաշի Հայաստանի սուվերեն տարածքից, այն 41 կիլոմետրից, ինչը հաստատեց հենց Փաշինյանը, այսօր նման հարց քննարկելը կլինի հերթական լկտի բոնուսը Ադրբեջանին։

Հա, չմոռանանք Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ԱԳՆ-ի «գրական ռեցենզիայի» մասին, որտեղ ռետինով ջնջնված էր Հայոց Ցեղասպանությունն իրականացրած «Թուրքիա», «Օսմանյան Կայսրություն» ձեւակերպումները։

Ի դեպ, ԱԳՆ-ի սույն տեքստն ավելի օգտավետ կլիներ, եթե List.am-ից մի քանի հայտարարություն դնեին մեջը ու վերջում էլ շնորհավորեին Ամանոր ու Սուրբ Ծնունդ։

Իսկ դեկտեմբերի 15-ին, Արեւելյան գործընկերության գագանթաժողովին ընդառաջ, «Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովի բյուրոն ուղերձ է հղել գավաթնաժողովին։ Եւ ի՞նչ եք կարծում՝ կա՞ այդ ուղերձում մեկ բառ անգամ Ադրբեջանի կողմից կիրառված՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների, սպիտակ ֆոսֆորի, ռազմագերիների ու պատանդների մասին։ Դե իհարկե՝ ոչ։

Մինչդեռ, սույն ուղերձում հերթական անգամ անարգանքի սյունին է գամված Ռուսաստանը՝ Վրաստանի եւ Մոլդովայի շահերի կոնտեքստում։ Սա բան չի փոխելու, բայց «նավսյակի» հիշեցնեմ, որ «Եվրանեսթի» բյուրոյում լիիրավ ձայնի իրավունք ունի ՀՀ ԱԺ «Եվրանեսթ» խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը։ Չգիտեմ ով է, բայց վստահ եմ, որ էս տեքստն իրեն չեն էլ ուղարկել, որ կարդա։ Կամ՝ եթե կարդացել է եւ իր համար ամեն ինչ OK է, ուրեմն՝ ամեն ինչ իսկապես OK է»,- գրել է նա։