00:00:00

Ծաղկաշենում բացվեց եւ օրհնվեց Արցախյան վերջին պատերազմում զոհվածների խաչքար-հուշարձանը

23:36, 09 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունիքի մարզի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ աջակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի օրհնվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ծաղկաշենցիներ Գոռ Ներսիսյանին եւ Վասակ Գասպարյանին նվիրված խաչքար-հուշարձանը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խաչքար-հուշարձանի բացման եւ օրհնության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Ծաղկաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սեւակ Կարապետյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի աշխատակիցներ, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ծաղկաշենցիներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները։ «Տխրությամբ եւ հպարտությամբ կատարեցինք այս խաչքար-հուշարձանի բացման եւ օրհնության արարողությունը, քանզի որքան  տխրեցնում է կորստյան ցավը մեզ, նույնքան էլ ոգեւորում է այն միտքը, որ մեր քաջերը թշնամու դեմ ելան վասն սուրբ հայրենյաց եւ վասն  սրբազան հավատի ու իրենց նահատակությամբ կանգնեցրին թշնամուն։ Եվ նրանց նվիրումի գինն այն է, որ այսօր մենք վայելում ենք այս արեւոտ օրը, խաղաղությունը։ Այս խաչքարն ու մեր հայրենիքով մեկ կերտվող խաչքարերը կենարար զորություն ունեն իրենց մեջ, ապրելու եւ արարելու վճռական խորհուրդ, ուստի մենք պիտի նորովի ուժ առնենք, ապրենք ու արարենք հանուն այն նպատակների, որոնց իրականացման համար ընկան մեր քաջերը։ Իսկ մատաղ սերունդը, նայելով իրենց հերոսներին նվիրված հուշարձաններին, խոնարհվելով նրանց առաջ, պիտի իմանա պատմությունն այս քաջերի մասին, լցվի նոր ու հզոր հայրենիք կերտելու անբեկանելի ուժով, լինի գրավականը մեր ազգի անսասանության եւ հավիտենականության»,-արարողության մասնակիցներին դիմեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Ապա ելույթով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ «Ծաղկաշենը փոքր համայնք է, սակայն հերոսական, քանի որ Արցախյան վերջին պատերազմում ցուցաբերել  է հայրենասիրության վառ օրինակներ՝ տալով 2 զոհ եւ նույնքան վիրավոր, 23 մասնակից։ Խոնարհվում ենք նրանց առաջ, նրանց ծնողների առաջ, որ նման առյուծ զավակներ են պարգեւել մեր ազգին։ Նրանց սխրանքներն իզուր չեն անցնի, նրանց անունները երբեք չեն մոռացվի»,-նշեց Ռուբիկ Նավոյանը։ Ասմունքով ու ռազմահայրենասիրական երգերով հանդես եկան Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ սրտառուչ խոսքեր նվիրելով հերոսներ Գոռի եւ Վասակի հիշատակին։ Արարողության ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին նորաբաց խաչքար-հուշարձանին։ Ծաղկաշենի համայնքապետարանի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ծաղկաշենցիներին։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ծաղկաշենցիներին նվիրված խաչքար-հուշարձանը պատրաստվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սեւակ Կարապետյանի նախաձեռնությամբ ու անձնական միջոցներով, Ստյոպա Գետչյանի քանդակագործությամբ։   Այն տեղադրվել է Ծաղկաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր