Արցախի նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը լրջորեն վտանգում է մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կիրառական նշանակությունը, գրել է ԱՀ ՄԻՊ գեղամ Ստեփանյանը։
Հատկանշական է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից ուղիղ թիրախային հարված է հասցվել Արցախի ՊԲ այն հենակետի ուղղությամբ, որը տեղակայված է Նորշեն խաղաղ բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա։ Սա ինքնին փաստում է, որ հայ զինծառայողները իրականացնում են բացառապես խաղաղ բնակչության կյանքի, առողջության իրավունքի պաշտպանության գործառույթ, այնինչ մեր խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերը իրենց ներկայությամբ ու ագրեսիվ պահվածքով ուղիղ սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակավայրերի համար։ Դրանց անհապաղ հեռացումը կարևոր է քաղաքացիական բնակչության իրավուքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի պաշտպանության համար։
Միևնույն ժամանակ խաղաղության պահպանման առաքելությամբ Արցախում տեղակայված ռուսական ուժերը և միջնորդները պետք է ունենան ոչ թե միջադեպերը պոստ-ֆակտում արձանագրելու գործառույթ, այլ հրադադարի խախտման ցանկացած միջադեպ արդյունավետ հետաքննելու և դրանց կրկնությունը կանխելու իրավասություն և հստակ մեխանիզմներ։ Խաղաղության իրական պահպանման տեսանկյունից շատ կարևոր է նաև ռուսական խաղաղապահ հենակետերի մշտական տեղակայումը և ներկայությունը Արցախի սահմանային դարձած բոլոր բնակավայրերում։
Գրանցված միջադեպերը ևս մեկ արձանագրումն են այն բանի, որ խաղաղ գոյակցության շուրջ ադրբեջանական թեզերը կեղծ են, առանց այդ ուղղությամբ իրական նպատակների, և միտված են թոզ փչելու միջազգային հանրության և ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կողմերի աչքերին։
Խաղաղության և համակեցության վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունները լոկ խոսքեր են, որոնց տակ Ադրբեջանը առաջ է մղում իր հայատյաց, ցեղասպան և ֆաշիստական օրակարգը։
Միջազգային կազմակերպությունները, առանձին պետությունները բաց աչքերով պետք է նայեն առկա իրավիճակին և կողմերի իրական նպատակներին և գործողություններին՝ չտրվելով ադրբեջանական մանիպուլյացիաներին։ Նրանց անտարբերությունը վերջնականապես խորտակում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրակարգը և վտանգի տակ դնում դրա կիրառական նշանակությունը՝ այն վերածելով լոկ գեղեցիկ խոսքերի բառակույտի՝ առանց այն պաշտպանելու իրական ցանկության և վճռականության»,- գրել է Ստեփանյանը։