00:00:00

ՀՅԴ-ին արատավորելու՝ ՀՀ վարչապետի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն մեր, այլ նաեւ՝ Իրանի հանդեպ. ՀՅԴ Բյուրո

00:11, 06 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՅ Դաշնակցության Բյուրոն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին։ Այս ուղղությամբ չափազանց ուշագրավ են անցած շաբաթներին Իրանի Իսլամական Հանրապետության հրապարակած դիրքորոշումները և կատարած քայլերը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ երկրի հյուսիսարևմտյան հատվածում, որը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, Արցախի բռնազավթված տարածքներին ու Ադրբեջանին։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում: «Իրեն հարևան գրեթե բոլոր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրածովքից մինչև Հարավային Կովկաս և Մերձավոր Արևելք ապակայունացնող և ռազմական բախումներ հրահրող Թուրքիայի Հանրապետությունը, այժմ էլ Ադրբեջանի միջոցով է փորձում իր ռազմավարական դիրքերը բարելավել Կասպից ծովի ավազանում և Իրանի հյուսիսային հատվածում։ Թշնամական որոշ շրջանակներ նույնիսկ բացահայտ ակնարկում են Իրանում միջէթնիկ բախումներ հրահրելու հեռահար նպատակների մասին։ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված և պատերազմական հանցագործություններով ուղեկցվող ագրեսիայի ընթացքում ու ի հետևանք դրա՝ ադրբեջանաթուրքական տանդեմին հաջողվել  է Հարավային Կովկասը մտցնել աշխարհաքաղաքական սակարկությունների նոր հորձանուտի մեջ և էապես վտանգել տարածաշրջանային անվտանգությունը։ Ադրբեջանաթուրքական այս արկածախնդրությունը նախ և առաջ ուղղված է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և ավանդաբար այս տարածաշրջանում քաղաքական ազդեցություն ունեցող պետությունների դեմ։ Ըստ հավաստի տարբեր հրապարակումների՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում պահել «ծայրահեղ-իսլամիստ» վարձկանների, ինչպես և ռազմական հնարավորություններ տրամադրել այլ ուժերի։ Տարածաշրջանային անվտանգության հերթական խաթարումը  չի՛ կարող վերաբերվել միայն Հայաստանին։ Հետևաբար, ողջունում ենք տարածաշրջանային անօրինական և վտանգավոր վերաձևումները կանխելու Իրանի ղեկավարության ռազմաքաղաքական կամքը։ Հայաստանի ղեկավարումը դեռևս իրականացնող իշխանությանը խստորեն զգուշացնում ենք՝ փորձ չանե՛լ երկիրը մատնելու հերթական կապիտուլյացիային և փորձ չանե՛լ դաշնակիցների հետ հարաբերություններ հաստատել «առևտրի» տրամաբանությամբ։ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը  արատավորելու՝ ՀՀ կառավարության ղեկավարի նորագույն փորձը վիրավորանք է ոչ միայն ՀՅԴ-ի հասցեին, որ միշտ գործել է հայ-իրանական հարաբերությունների սերտացման ուղղությամբ, այլ նաեւ  Իրանին, որին մեկ հոդվածի հիման վրա դիրքորոշում ճշտելու վերագրում է արվում։ ՀՅ Դաշնակցությունն իր ամբողջ կարողականությամբ՝ Հայրենիքում և Սփյուռքում, այդ թվում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցով և միջազգային քաղաքական հարաբերությունների  ճանապարհով  շարունակում է աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության և ադրբեջանաթուրքական տանդեմի հանցագործ մտադրությունների իրականացումը կանխելու ուղղությամբ»,- նշված է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր