00:00:00

ԲՏԱ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

23:59, 16 սեպտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Բարձր գնահատելով ԵՄ կառույցների հետ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ նախարար Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում ևս արդյունավետ և նպատակաուղղված ընթացք կունենա: Այնուհետև նախարարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնական գործառույթները՝ շեշտադրելով տեխնոլոգիական արդյունաբերությունը, թվայնացման խնդիրները, էկո համակարգի ձևավորումը և նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը։ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ, նշել, որ մեծապես կարևորում է ոլորտը և համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այս ոլորտում մեծ ներուժ ունի: Դեսպանն անդրադարձել է ԲՏԱ ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությանը և նշել, որ ռազմավարական հաղորդակցության տեսնակյունից կարևոր է նաև իրականացված աշխատանքը հանրությանը ներկայացնելը: Խոսելով վերջին տարիներին ԵՄ կողմից ՀՀ-ին տրամադրած աջակցության մասին՝ Անդրեա Վիկտորինը հատուկ անդրադարձ է կատարել մի շարք ծրագրերի, որոնք միտված են եղել էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանը, էլեկտրոնային փաստաթղթավորմանը, ինչպես նաև նորարարություններին, ստարտափների խթանմանը, համավարակի հաղթահարմանը։ ԵՄ դեսպանը խոսել է ներկայում ընթացքի մեջ գտնվող նախագծի մասին, որի շրջանակում մշակվում է կառավարության կողմից մատուցվող ծառայությունների փոխգործունակության միասնական հարթակ և ստեղծում է մեկ պատուհան՝ պետության բոլոր սահմանային անցակետերի համար: Անդրեա Վիկտորինի հավաստմամբ, ԵՄ աջակցությունը շարունակական կլինի: Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախարարության ծրագրերին աջակցելու, ինչպես նաև Եվրամիության ջանքերի համար՝ Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման հարցում։ Նախարարը հավելել է նաև, որ նախարարությունը բաց է ԵՄ գործընկերների կողմից և՛ խորհուրդներ, և՛ քննադատություն լսելու առումով, և դեսպանի կողմից արված դիտարկումը ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ իր կողմից ընկալվում է որպես ուղենիշ: Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը երկարատև համատեղ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ հասարակության և հայկական տեխնոլոգիական զարգացման։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել Արևելյան գործընկերության տարածաշրջանային ռոումինգ համաձայնագրի նախագծի լրամշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Քննարկվեցին նաև Եվրոպական Միության աջակցությամբ Հայաստանում իրականացվելիք ուղենշային ծրագրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր