00:00:00

Նպաստների տրամադրման չարաշահումների նոր դրվագներ՝ Վանաձորում

22:24, 07 մայիս 2018 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ուսումնասիրվում է սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում պետական շահերի պաշտպանության ոլորտը: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Ա. Մ.-ն «Հայփոստ» ՓԲ ընկերության Ազնվաձոր համայնքի փոստային մասնաճյուղի օպերատոր Վ. Ա.-ի միջոցով Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի սոցիալական անապահովության նպաստ ստացող բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու կամ անգործության համար պահանջել և ստացել է 2018թ. հասանելիք մեկ ամսվա նպաստի գումարը: 2018թ. ապրիլի 10-ին Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի 5 բնակիչներ  ՀՀ ոստիկանությանը հաղորդում են տվել այն մասին, որ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության  նշված մասնագետն իրենց հասանելիք նպաստն ստանալու, դրա վճարումը շարունակելու, ինչպես նաև նպաստառուների ցուցակից դուրս չթողնելու համար պահանջել է ապօրինի վարձատրություն: Դրանից հետո ինչպես անձամբ, այնպես էլ «Հայփոստ»  ՓԲ ընկերության Ազնվաձոր համայնքի փոստային մասնաճյուղի օպերատորի միջոցով  ստացել է յուրաքանչյուր տարվա մեկ կամ երկու ամսվա նպաստի գումարը: Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ  կետի և  3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել մասին, որ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության  մասնագետ Ա. Մ.-ն, լինելով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, սպասարկել է Ազնվաձոր համայնքում բնակվող նպաստառուներին: Այդ գործունեության ընթացքում, խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ, «Հայփոստ»  ՓԲ ընկերության Ազնվաձոր համայնքի փոստային մասնաճյուղի օպերատոր Վ. Ա.-ի օժանդակությամբ 2008 թվականից մինչև 2018 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական անապահովության նպաստից օգտվող նշված 5 քաղաքացիների օգտին կատարել է գործողություններ: Մասնավորապես՝ ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց ինչպես անձամբ, այնպես էլ նշված օպերատորի միջոցով պահանջել և ստացել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն: Ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցությամբ ապրիլի 11-ին դատախազի հանձնարարությամբ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ Ա.Մ.-ն ձերբակալվել է, իսկ ապրիլի 14-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարլու համար: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: «Հայփոստ»  ՓԲԸ Ազնվաձոր համայնքի փոստային մասնաճյուղի օպերատոր Վ. Ա.-ին նկարագրված արարքը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի 38-3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ ամբողջ ծավալով պարզելու տվյալ հանրային ծառայողի կողմից նաև այլ նպաստառուների դրվագներում ևս հանցավոր գործողությունների հնարավոր շրջանակը, ինչպես նաև սոցիալական ծառայության տարածքային տվյալ գործակալության հանրային ծառայողների կողմից նույնպիսի հանցավոր վարքագծի դրսևորման հնարավոր դեպքերը: Արդյունքում Լոռու մարզի Բազում համայնքի մի բնակչուհի ոստիկանաւթյան բաժնում հաղորդում և նույնաբովանդակ բացատրություն է տվել այն մասին, որ Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ Ա. Մ-ն նպաստառուների ցուցակներում իրեն ընդգրկելու, հասանելիք ընտանեկան նպաստը տրամադրելու, դրա վճարումը շարունակելու համար պահանջել է ապօրինի վարձատրություն, ապա, ինչպես անձամբ, այնպես էլ «Հայփոստ» ՓԲ ընկերության Բազում համայնքի փոստային մասնաճյուղի օպերատոր Է. Խ.-ի միջոցով ստացել է յուրաքանչյուր տարվա մեկ  ամսվա նպաստի գումարը: Հաղորդման կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, որոնցով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ Ա. Մ.-ի կողմից ինչպես անձամբ, այնպես էլ «Հայփոստ» ՓԲ ընկերության Բազում համայնքի փոստային մասնաճյուղի նշված օպերատորի օժանդակությամբ 2013թ.-ից մինչև 2017թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Բազում համայնքի վերոհիշյալ նպաստառու բնակչի օգտին գործողություններ կատարելու, դրա դիմաց խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու  վերաբերյալ: Այս դեպքի առթիվ 2018 թվականի ապրիլկի 23-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 3121-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ելնելով փաստական հանգամանքներից՝ ավելին ուշ որոշում է կայացվել վերոնշյալ երկու քրեական գործերը միացնել մեկ վարույթում: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կոռուպցիոն սխեմայում ներգրավված ողջ անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու նպատակով: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ՝ սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում հնարավոր հանցավոր դրսևորումներն ու դրանց մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր