00:00:00

Լեհաստանը միգրանտների ներհոսքի պատճառով ցանկապատ կկառուցի Բելառուսի հետ սահմանին

22:59, 23 օգոստոս 2021 Աշխարհ

Լեհաստանը միգրանտների ներհոսքի պատճառով 2,5 մետրանոց նոր ցանկապատ կկառուցի Բելառուսի հետ սահմանին, հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Ներկայումս գոյություն ունեցող ցանկապատը հնացել է եւ անցնում է լեհ-բելառուսական սահմանի սահմանափակ հատվածով: «2,5 մետր բարձրությամբ նոր ամուր ցանկապատ կկառուցվի Բելառուսի հետ սահմանին: Սահմանապահներին օգնելու համար ավելի շատ զինվորներ կհավաքագրվեն»,- գրել է Բլաշչակը Twitter-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Բելառուսի հետ սահմանին սահմանապահներին օգնելու համար հազար լեհ զինվոր է ուղարկվել: Լեհ սահմանապահների տվյալներով, օգոստոսի սկզբից 2100 մարդ է փորձել անօրինական կերպով հատել հանրապետության սահմանը Բելառուսից: Անցած ամբողջ տարվա ընթացքում նրանց թիվը 120 է եղել: Ներկայումս մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ դեռեւս արգելափակված են մնում Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին՝ Պոդլյասկայի վոյեվոդության Ուսնաժ Գուրնա գյուղի մոտ: Միգրանտները փորձել են անօրինական անցնել Լեհաստան: Լեհական եւ բելառուսական սահմանապահները շրջապատել են նրանց եւ թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից որեւէ մեկը: Լեհական կողմը պնդում է, որ միգրանտները գտնվում են Բելառուսի տարածքում, այլ ոչ թե չեզոք տարածքում: Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թվի ավելացման մասին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մինսկն այլեւս չի զսպի անօրինական միգրանտների հոսքը դեպի ԵՄ երկրներ՝ արեւմտյան պատժամիջոցների պատճառով «դրա համար ո՛չ փող կա, ո՛չ ուժ»: Բելառուսի սահմանապահները բազմիցս հայտարարել են, որ Լեհաստանը, Լիտվան եւ Լատվիան բռնի կերպով վտարում են միգրանտներին հարակից տարածք: Բելառուսի պետական սահմանային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Սիտենկովը ավելի վաղ նշել էր, որ ԵՄ հարեւան երկրները անօրինական միգրանտների հետ կապված իրավիճակում խախտում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր