00:00:00

Մալաթիայում 26-ամյա երիտասարդը ընկերուհուն տեսնելով նախկին ընկերոջ գրկում՝ ջարդել է վերջինիս գլուխը

00:11, 07 մայիս 2018 Իրավական

26-ամյա Մհերին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Մհեր Պ.-ն 2016 թվականին ծանոթացել է Ալինա Ք.-ի (անունը փոխված է) հետ: Մի քանի ամիս նրանք մտերմություն են արել: Այդ ընթացքում Մհերը հաճախ այցելել է Ալինայի տուն: 2017 թվականի հունվարի 13-ին Մհերը կրկին գնացել է Ալինայի տուն՝ միասին Հին Նոր տարին նշելու: Այնտեղ էր նաև Ալինայի ընկերուհին: Նույն օրը, ժամը 23-ի սահմաններում Ալինայի տուն է գնացել նաև  վերջինիս նախկին ընկեր Ավետը (անունը փոխված է): Չցանկանալով, որ Ավետն ու Մհերը հանդիպեն իր տանը, Ալինան Ավետին դիմավորել է մուտքի մոտ և նրա հետ անմիջապես հեռացել է տանից: Մհերը որոշ ժամանակ սպասել է Ալինային, ապա հեռացել է նրա տանից: Գիշերվա ժամը 1-2-ի սահմաններում Ալինան ու Ավետը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, միասին վերադարձել են Ալինայի տուն: Ալինայի ընկերուհին էլ միացել է նրանց, երեքով շարունակել են խնջույքը: Ալինան խնջույքի սեղանի մոտ ցանկություն է հայտնել, որ վերականգնի Ավետի հետ իր հարաբերությունները: Ալինան Ավետին խնդրել է, որ այդ հարցով նա խոսի Մհերի հետ, պահանջի, որ Մհերն այլևս չանհանգստացնի՝ ասելով, որ Ալինան նորից իր ընկերուհին է: Ալինան Ավետին է տվել Մհերի հեռախոսահամարը: Ավետը զանգել է Մհերին, բայց վերջինս զանգերին չի պատասխանել: Ավետը որոշել է իր ու Ալինայի մտերմության վերականգնումը սկսել անմիջապես և Ալինային առաջարկել է անկողինը բացել, որ միասին անկողին մտնեն: Երբ Ալինան ու Ավետը գտնվել են ննջասենյակում, Մհերը զանգել է Ալինայի ընկերուհուն, պարզել է, որ իրեն զանգում էր Ալինայի նախկին ու արդեն ներկա ընկերը՝ Ավետը: Ընկերուհին ասել է, որ տվյալ պահին էլ Ավետն ու Ալինան միասին են՝ Ալինայի տանը: Մհերը զայրացել է Ալինայի վրա, որ նա իր հեռախոսահամարը տրամադրել է Ավետին: Վերջինիս կատարած զանգի հանգամանքները պարզաբանելու նպատակով Մհերը եղբոր՝ Սայադի հետ գնացել է Ալինայի տուն: Գիշերվա ժամը 4-ի սահմաններում մտնելով Ալինայի ննջասենյակ ու Ալինային տեսնելով Ավետի գրկում, է՛լ ավելի զայրանալով Ալինայի վրա՝ իրեն դավաճանելու համար, Մհեր Պ.-ն սկսել է վիճել Ալինայի հետ, ծեծել է նրան՝ նրա առողջությանը արյունազեղումների ու սալջարդ վերքերի ձևով պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Ավետը միջամտել է, հայհոյանքներ է տվել Մհերի ու նրա ծնողների հասցեին: Դրանից հետո, ըստ առաջադրված մեղադրանքի, Մհերը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Ավետի մարմնի տարբեր մասերին, հատկապես՝ գլխին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ գանգուղեղային բութ վնասվածքի՝ զույգ ակնագնդերի և քթոսկրերի, աջ ակնակապիճի ստորին պատի, զույգ ակնակապիճների վերին միջային պատերի, զույգ ճակատային խոռոչների առաջնային պատերի, աջ ճակատային խոռոչի հետին պատի, աջ վերծնոտային խոռոչի առաջնային ու միջային պատերի, ձախ վերծնոտային խոռոչի միջային պատի, գանգի ոսկրերից՝ մաղոսկրի՝ գանգի հիմը կազմող հորիզոնական թիթեղի կոտրվածքների, գլխուղեղի ցնցման ձևով: Վիճաբանությանը ներկա էր Մհերի եղբայրը, ով մի կողմ է քաշել  Մհերին՝ հեռացնելով Ավետից, իսկ երբ Ալինան վառել է ննջասենյակի լույսը, ու Մհերը տեսել է Ավետի արնաշաղախ դեմքը, այլևս նրան չի հարվածել: Դրանից հետո բոլորը միասին սկսել են օգնություն ցույց տալ  վնասվածքներ ստացած Ավետին՝ մաքրել ու մշակել են վերքերը: Ավետը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, քնել է, իսկ մյուսները մնացել են նրա կողքին: Առավոտյան Ավետն արթնացել է, նրան պատմել են գիշերվա իրադարձությունները: Ավետը հաշտվել է Մհերի հետ: Վերջինս Ալինայի տուն է կանչել իր փեսային, նա Ալինայի տանը գտնվողներին տեղափոխել է Մհերի տուն, քանի որ Ալինայի տանը ջուր չի եղել: Մհերի տանը նորից մշակել ու մաքրել են Ավետի վերքերը, ու երբ Ավետն ասել է, թե արդեն լավ է զգում, նրան ճանապարհել են տուն: Ավետը գնացել է իր տուն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց… Նախաքննության ընթացքում Ալինա Ք.-ն հաշտվել է Մհերի հետ, չի բողոքել իրեն ծեծելու,  թեթև վնասվածքներ պատճառելու համար, այդ մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով, Մհերի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Տուժող Ավետ Հ.-ն Մհերի նկատմամբ բողոք, պահանջ առաջ չի քաշել: Մհեր Պ.-ն իրեն մեղավոր է ճանաչել լիովին, զղջացել է կատարածի համար: Դատարանը հաստատված է գնահատել, որ Մհեր Պ.-ն տուժող Ավետ Հ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս, նա մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Մհեր Պ.-ն դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Մհերին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ: Մհեր Պ.-ի շահերի պաշտպանն արդեն վերաքննիչ բողոք է բերել դատավճռի դեմ՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան կամ  ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ սահմանել ավելի մեղմ պատիժ, քան օրենքով նախատեսված է նրան մեղսագրված արարքի համար: Նյութի աղբյուրը՝ 1in.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր