00:00:00

«Ադրբեջանը փորձում է Արցախի նկատմամբ զավթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևավորել». Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի

18:44, 14 հուլիս 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել հուլիսի 10-ին Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ: «Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից հետո միջազգային իրավունքի և, մասնավորապես, միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարմամբ շարունակվում են թշնամական գործողությունները հայկական պատմական, մշակութային և հոգևոր արժեքների հանդեպ: Եվ այս ամենը ոչ միայն չի դատապարտվում միջազգային կառույցների և առանձին երկրների կողմից, այլև կատարվում է հակառակը. պաշտոնական Բաքուն ոչ մի ջանք չի խնայում այդ նույն կառույցների ու երկրների ներկայացուցիչներին մասնակից և հանցակից դարձնել իր զավթողական ու հակամարդկային գործողություններին: Այս խորապատկերի վրա պետք է դիտարկել նաև 2021թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ բեմականացված նկարահանումները Շուշիում: Խստորեն դատապարտում ենք նմանօրինակ գործելաոճը: Դրանով Ադրբեջանը փորձում է Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ զավթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևավորել: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ զավթել է Արցախի Հանրապետության մեծ մասը, այդ թվում նաև հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կենտրոն Շուշի քաղաքը: Միջազգային հանրության կողմից Թուրքիայի նախագահի՝ Շուշի այցելությունը չդատապարտելը Ադրբեջանի իշխանություններին մղեց նոր սադրիչ գործողությունների, որին հետևեց Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այցը Շուշի: Պատմական իրողությունների այսկերպ աղավաղումը և նման մեթոդներով հակամարտության էության խեղաթյուրումը համարում ենք հակամարտության խաղաղ կարգավորման խաթարմանն ուղղված քայլ, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մերժողական կեցվածքն այդ բեմադրության նկատմամբ՝ կոչ ենք անում դատապարտել նմանօրինակ սադրիչ գործողությունները և քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքի ամրագրման ուղղությամբ», - ասված է հայտարարությունում։ Հայտարարությունը տարածել են Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր