Հայաստանում 2021-ի առաջին եռամսյակում համակարգիչների օգտատերերի 0,1%-ը բախվել է վնասակար տրոյական գաղտնագրող-շորթող ծրագրերի գրոհների, Վրաստանում գրանցվել է նույն ցուցանիշը, իսկ Ադրբեջանում նման գրոհների բախվել է օգտատերերի 0,2%-ը:
2020-ի հունվար-մարտին Հայաստանում համակարգիչների օգտատերերի 0,26%-ը ենթարկվել է վնասաբեր գաղտնագրող ծրագրերի գրոհների, մինչդեռ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,29%, իսկ Ադրբեջանում՝ 0,81%. Ադրբեջանը 9-րդն էր այն երկրների ցանկում, որոնք բախվել են տրոյացի գաղտնագրիչների գրոհների։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն ՝ 2021 թվականի առաջին եռամսյակում այդ վնասաբեր ծրագրերի գրոհների ամենաշատը ենթարկվել են Բանգլադեշում (2,31%), Եթովպիայում (0,62%) և Հունաստանում (0,49%) գտնվող օգտատերերը:
«2021 թվականի առաջին եռամսյակում Avaddon խմբավորումը, ի լրումն գողացված տվյալների հրապարակման, իր կայքում հայտնել Է, որ զոհը ենթարկվելու Է DDoS-գրոհի այնքան ժամանակ, քանի դեռ կապ չի հաստատել չարագործների հետ։ REvil (Sodinokibi) խմբավորումը նույնպես ընդլայնում է իր ճնշման եղանակների շրջանակը: Արդեն զինանոցում գտնվող DDoS-գրոհներին նա ավելացնում է տուժած ընկերության հաճախորդներին և գործընկերներին ուղղված սպամը և զանգերը»,– նշում են ընկերության փորձագետները:
Գաղտնագրող-շորթող տրոյացիներով վարակվելուց խուսափելու համար նրանք ընկերություններին խորհուրդ են տալիս ժամանակին թարմացնել ծրագրային ապահովումը, և առաջին հերթին՝ օպերացիոն համակարգերը, բոլոր համակարգիչներում կիրառել պաշտպանական լուծումներ, որոնք կարգելափակել ինչպես հայտնի, այնպես էլ՝ դեռևս չբացահայտված շորթող ծրագրերը։ Հարկ է նաև աշխատակիցներին սովորեցնել ճանաչել սոցիալական ինժեներիայի հնարքները, որոնցից օգտվում են չարագործները, և պաշտպանվել դրանցից։